Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ
21.09.2017

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նջակայի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։

Նախարար Նալբանդյանը ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն հայտնեց Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։ Նախարարները կարևորեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Անրի Ռաբարի-Նջական հանգամանալից զրույց ունեցան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

 

   Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ