Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անունը կրող ծառուղի
08.03.2018

Մարտի 8-ին, ժամը՝  15:00-ին, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի ներկայությամբ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդիսավոր կերպով բացեց Զաբել Եսայանի անունը կրող ծառուղին:

Անն Իդալգոն Զաբել Եսայանի անունը կրող ծառուղի բացելու իր ցանկության մասին հայտնել էր դեռևս անցյալ տարի՝ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում: Ծառուղին գտնվում է Մենիլմոնտան բուլվարի կենտրոնական հատվածում, սկսվում է Հանրապետության պողոտայից և ավարտվում է Տլեմսենի և Սպինոզայի փողոցներում:

Զաբել Եսայանը (1878- 1943թթ.) հայ վիպագիր էր, ով ճանապարհորդել է Եվրոպայում ի նպաստ Հայոց հարցի պաշտպանության: Հայկական սփյուռքի կողմից և իր գործերի մեծությամբ նա համարվել է իր սերնդի առաջին կին գրողներից մեկը: Իր գլուխգործոցի՝ 1909թ. Ադանայի կոտորածների ժամանակ գրված և 1911թ տպագրված «Ավերակների մեջ» վավերագրության շնորհիվ Զաբել Եսայանը շարունակում է պահպանել իսկական գրողի և մտավորականի  իր համբավը:

Մարտի 8-ին, Զաբել Եսայանի անունը կրող ծառուղու հանդիսավոր բացմանը ներկա էին Փարիզի Միջազգային հարաբերությունների ու Ֆրանկոֆոնիայի հարցերով փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ շրջանների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վուլինը:

 

https://destination-armenie.fr/linauguration-de-lallee-zabel-essayan/

 

 

 

   Փարիզում բացվել է Զաբել Եսայանի անունը կրող ծառուղի