Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական բարձր մակարդակի հանդիպումը
23.03.2018

Մարտի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստաման բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի ԱԳ նախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը, ՖՄԿ-ում նախագահող Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման (MEDEF) ղեկավար Պիեռ Գատազը։

Ներկայացնելով տնտեսական ֆորումի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը՝ էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը։ Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ ստեղծվելիք այդ ցանցի առաքելությունն է դառնալու ֆրանկոֆոն տարածքի ձեռնարկատերերի, գործարարների և նրանց միավորող կազմակերպությունների միջև ինստիտուտուցիոնալ, մասնագիտական կապերի հաստատումը և զարգացումը, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների խթանումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը՝ միտված Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսական զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ծրագրվում է ցանցի թվային հարթակի ձևավորումը՝ որպես շահավետ փոխանակումների և դրական փորձառության ընդօրինակման շրջանակ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը որպես ֆորումի քննարկման թեմաներ առանձնացրեց կայուն զարգացման ապահովմանը միտված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը, էներգետիկայի՝ ներառյալ վերականգնվող էներգիայի, հաղորդակցության և տրանսպորտային ուղիների, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, գյուղատնտեստության և սննդի արտադրության արդյունավետության բարձրացումը, թվային ու բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության խթանումը, կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության առաջմղումը և մասնագիտական կրթության խրախուսումը։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ֆորումին մասնակցելու հրավիրվելու են միջազգային և տարածաշրջնային տնտեսական կառույցների ղեկավարներ, սահմանափակ թվով անվանի գործարարներ՝ ողջ ֆրանկոֆոն աշխարհից։ Նախարար Նալբանդյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ տնտեսական ֆորումը նախատեսվում է անցկացնել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում։ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Ֆորումի մասնակից գործարարները հրավիրվելու են հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հանդիսավոր բացման արարողությանը։

Հանդիպման մասնակիցները հավանության արժանացրեցին ֆրակոֆոն տնտեսական ֆորում կազմակերպելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը և դրա հետ կապված առաջարկությունները՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել ինչպես ֆորումի անցկացման, այնպես էլ ֆրանկոֆոն գործարարների ցանց ստեղծելու աշխատանքներում։

   Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական բարձր մակարդակի հանդիպումը