Հայկական գորգագործության արվեստը` Երևանի սրտում
29.03.2018

«Թուֆենկյան ավանդական հյուրանոցների» հսկայական շենքը տեղակայված է Վերնիսաժ տոնավաճառի անկյունում։ Շքեղ հյուրանոցի պատերի ներսում  գործում է մի խանութ-սրահ, որտեղ կախված են տարբեր չափերի հարյուրավոր գորգեր։ Այստեղ գորգագործական երկու սարքերի վրա աշխատում են տաս աշխատողներ։ Թամարան և Սաթիկը գործում են երկու մետր լայնքով և երեք մետր երկայնքով մի մեծ գորգ։ Կոր դանակի օգնությամբ նրանք ռիթմիկ ձևով թելերն անցկացնում են մեկը մյուսի միջով։ «Սիրով եմ գորգեր գործում։ Ամեն անգամ նրանք տարբերվող ու բացառիկ են ստացվում»,- ժպտալով ասում է Թամարան։ Ըստ հայկական ավանդույթի, յուրաքանչյուր գորգ պետք է իր անունն ունենա։  

Թամարան, ով նախկին ոստիկան է, աշխատում է ժ․09:00-ից մինչև ժ․18:00։ Նա ասում է, որ «գոհ է իր վաստակած գումարից», սակայն հրաժարվում է ավելին ասել։ Գորգագործական հմտությունները նա ժառանգել է իր մորից։ «Երբ փոքր էի՝ շատ գորգեր եմ պատրաստել։ Այստեղ՝ Հայաստանում, բոլորն են սովորում ինչ-որ ձևով մասնակից լինել գորգագործությանը»,-նշում է գորգագործուհին։ Ճշգրիտ և կրկնողական աշխատանք է։ Թամարան  աշխատանքային օրվա ընթացքում գործում է 8.000-ից մինչև 12.000 հանգույց։

Հայերը աշխարհի այն եզակի ժողովուրդներից են, ովքեր այսքան տևական ժամանակ զբաղվել են տեքստիլի արտադրությամբ՝ մ․թ․ա․ առաջին հազարամյակից մինչև մեր օրերը։ XVI դ․ հայերի կողմից պատրաստված գորգերում ակնհայտորեն գերակայում է կարմիր գույնը, որը ստանում էին տորոն բույսից։ «Մեր բոլոր գորգերը ձեռագործ են և պատրաստված են հայկական կամ տիբեթյան կտավատից»,-բացատրում է Թուֆենկյան գորգերի վաճառողուհի Միլենա Մինասյանը։

1993թ․ Ջեյմս Թուֆենկյանը որոշում է կայացնում Երևանում ստեղծել գորգագործական ձեռնարկություն։ Ներկայումս նա ամբողջ աշխարհում ունի 9-ից ոչ պակաս վաճառքի կենտրոն, որոնցից 6-ը՝ նրա ծննդավայր Միացյալ Նահանգներում։ Սակայն այս խանութ-սրահները միակն են աշխարհում, որոնք գորգեր են արտադրում հին հայկական գորգագործական ավանդույթների համաձայն։

Շատ հաճախ գորգերը զարդարված են վիշապների կամ օձերի, ծաղիկների և քրիստոնեական խաչի պատկերներով։ « Ի դեպ,- շարունակում է վաճառողուհին,- շատ թուրքական գորգեր յուրացրել են այս մոտիվները, և մարդիկ հաճախ հարցնում են, թե ինչ են նշանակում այդ պատկերները»։

Սաթիկը, ով նստած է Թամարայի կողքին, նույն վիրահատական ճշգրտությամբ է օգտագործում իր դանակը ։ «Ամենադժվար  մասը,- ասում է նա,- տարրերի հերթականությունը պահպանելն է։ Որքան շատ պատկերներ կան գորգի վրա այնքան ավելի ամուր պետք է լինեն հանգույցները։» Ավելին՝ մեկ մետր քառակուսի մակերեսով գորգը կարող է բաղկացած լինել  մինչև 150.000 հանգույցից։ «Հանգույցների որակից է կախված գորգի գինն ու որակը»,- հավելում է Միլենա Մինասյանը։ Թամարայից ու Սաթիկից ավելի քան երեք ամիս ժամանակ կպահանջվի գորգն ավարտելու համար։ Հետագայում այն կվաճառվի 6.000 եվրոյով։

 

 

 

 

 

   Հայկական գորգագործության արվեստը` Երևանի սրտում