Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ տպագրված France Arménie ամսագրում
10.01.2018

2017թ. խորհրդանշական փուլ էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար: Մենք նշեցինք մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քսանհինգամյակը: Այն նաև կարևոր տարի էր վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի կողմից զարգացվող բազմավեկտոր դիվանագիտության տեսանկյունից:

Այս առումով տարվա ավարտը, հիրավի, նշանակալի էր: Նոյեբերի 24-ին, Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագիր: Այդ համաձայնագիրը Հայաստան-ԵՄ գործընկերության եզակի օրինակ չէ: Վերջին երկու տարիների ընթացքում մեր եվրոպական գործընկերների հետ ուսումնասիրել ենք փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներ, մասնավորապես դրանցից մի քանիսը թվելու համար նշենք փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված եվրպական «COSME», նորարարությունների և  հետազոտությունների «HORIZON 2020» ծրագրերը, «Ստեղծագործ Եվրոպա» մշակութային ծրագիրը: Մենք նախաստորագրել ենք օդային ընդհանուր տարածքի և ստորագրել ենք տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի վերաբերյալ համաձայնագրերը: Սպասում ենք նոր նախաձեռնությունների՝ առանձնակի կարևորություն տալով վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն մեկնարկին: Այս հարցում մենք հույս ունենք ստանալ մեր ֆրանսիական գործընկերների աջակցությունը:

Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը ես Փարիզում էի, որտեղ Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական խորհրդաժողովի նախագահությունը, քանի որ  2018թ հոկտեմբերին Հայաստանը պատիվ կունենա հյուրընկալելու պետությունների և կառավարությունների ղեկավարների հաջորդ գագաթաժողովը: Գագաթաժողովի թեման կլինի «Ապրել միասին. ապրել միասին համերաշխությամբ, մարդասիրական արժեքները կիսելով և բազմազանությունը հարգելով՝ որպես խաղաղության և բարգավաճման աղբյուր»:  Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» խորագիրը կրող մի պակտ։

Մեկ այլ կարևոր իրադարձություն, որը մենք նախատեսում են կազմակերպել  գագաթաժողովի շրջանակներում, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ֆրանկոֆոն գործարարների ինստիտուցիոնալ, մասնագիտական համախմբմանը տնտեսական հարաբերությունները խթանելու և բիզնես միջավայրը բարելավելու նպատակով՝ հեռանկարում ունենալով ֆրանկոֆոն գործարարների և գործատուների ցանցի ստեղծման հնարավորությունը:

Կքննարկվեն նաև այլ կարևոր հարցեր, ինչպիսիք են կայուն զարգացումը, թվային ֆրանկոֆոնիան, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը և այլն:

Մեկ այլ կազմակերպություն, մեկ այլ հայկական նախագահություն: Դեռևս տարեվերջին ես մեկնեցի Կիև՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնելու համար: Հայաստանի նախագահության ընթացքում մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի կազմակերպությունը ամբողջապես համապատասխանի իր՝ ոչ միայն անդամ, այլ բոլոր հետաքրքրված երկրների միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակներին:

Կանխարգելումն առանձնահատուկ տեղ ունի հայկական դիվանագիտության մեջ: 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ որոշում: Կրկին մեր նախաձեռնությամբ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան  դեկտեմբերի 9-ը հռչակեց որպես ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր: Սկսած 2015թ.-ից դեկտեմբերի 9-ը դարձել է ատելության հողի վրա տեղի ունեցող այս հանցագործության դեմ միջազգային հանրության վճռականությունը ցուցադրելու ամուր հարթակ: Մենք մեր ձայնը միացնում ենք բոլոր նրանց ձայներին, ովքեր ջանքեր են գործադրում, որ «այլևս երբեք» արտահայտությունը լինի համամարդկայնորեն հարգված հանդիսավոր երդում:

2018թ. դեկտեմբերի 9-ին, Հիշատակի միջազգային օրը առանձնահատուկ կարևորություն կստանա, քանի որ համընկնում է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ: Այս կապակցությամբ, Հայաստանը Երևանում կհյուրընկալի ցեղասպանության դեմ միջազգային  երրորդ ֆորումը: 70 տարի է անցել կոնվենցիայի ընդունումից, բայց աշխարհը դեռևս պաշտպանված չէ: Այն ինչ տեղի է ունենում մեր աչքերի առաջ, հատկապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքության հետ կապված հանցագործությունները հստակորեն ցույց են տալիս կոնվենցիայի կարևորությունը:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վայրագությունները չեն շրջանցել նաև հայերին, ովքեր դարեր շարունակ եղել են տարածաշրջանի բազմակրոն  և բազմամշակութային խճանկարի մի մասը: Սիրիայում հայկական շինությունները, եկեղեցիները, դպրոցներն ու մշակութային հաստատությունները ավերվել են: Մեր բազմաթիվ հայրենակիցներ կորցրել են իրենց կյանքը ահաբեկչական հարձակումների պատճառով, մնացածը ստիպված են եղել փախչել: Հայաստանը ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստականների, ինչը Հայաստանը դարձնում է Եվրոպայում բնակչության թվի հետ համեմատությամբ ամենաշատ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ երկիրը: Մենք փորձել ենք նաև կապվել այն մարդկանց հետ, ովքեր  Սիրիայում օգնության կարիք ունեն՝ շարունակաբար նրանց ապահովելով մարդասիրական օգնությամբ:

Ինը տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ սկսվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերին ստորագրվեցին Ցյուրիխյան  արձանագրությունները: Այնուամենայնիվ, մինչ օրս, Թուրքիան հրաժարվում է դրանք վավերացնել:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը արտահայտված է եղել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի դիրքորոշմամբ: Այս փոխըմբռնման հենքի վրա էր, որ մենք սկսեցինք բանակցությունների գործընթացը  թուրքական կողմի հետ և ստորագրեցինք արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետքայլ կատարեց: Թուրքիան սկսեց կրկին խոսել նախապայմանների լեզվով, որով նա խոսում էր մինչ գործընթացի սկիզբը:

Մինչ 2017թ. ավարտը, դեկտեմբերի 14-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը արեց մի հայտարարություն, որը 2009թ.-ի Ցյուրիխյան արձանագրությունների ոգու ու տառի խայտառակ աղավաղման մի նոր օրինակ էր: Անկարա չի վարանում հերթական անգամ իր նախապայմանները վերահաստատել՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով հօգուտ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունում ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը և՛ բարոյական, և՛ իրավաբանական տեսանկյունից հիմնազուրկ են ու չարամիտ: Ստացվում է, որ Թուրքիան բարոյականություն է քարոզում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Ռուսաստանի, Ուրուգվայի, Բելգիայի, Հունաստանի և տասնյակ այլ երկրների համար, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Զավեշտալի է, որ խոսքի ազատության սահմանափակմամբ աշխարհում ամենահայտնի երկրներից մեկը՝ Թուրքիան, փորձում է արդարացնել ցեղասպանական  ժխտողականությունը՝ խոսքի ազատության իրավունքը մեջբերելով:

Բոլորին է հայտնի, որ գնդակը թուրքական խաղադաշտում է և Հայաստանն անում է ամեն հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:

Այդ իրականությունն ընդունելու Անկարայի անկարողությունն աշխարհով մեկ ուժեղացնում է այն զգացողությունը, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով:

Ակնհայտ է, որ նույնիսկ այսօր՝ արձանագրությունների ստորագրումից ութ տարի անց, Անկարան դեռ պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:

Այդ նույն պատճառով Հայաստանի Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում հայտարարեց, որ արձանագրությունների կյանքի կոչման ուղղությամբ զրոյական առաջընթացի շարունակական պայմաններում Հայաստանը 2018թ. գարնանը դրանք առ ոչինչ կճանաչի:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:

Դեկտեմբերի 7-ին ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ մի նոր հայտարարությամբ :

Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց, և արդյունքում, չկարողացանք հասնել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահ երկրների կողմից արված  համատեղ հայտարարության: Տարիներ շարունակ այդ իրավիճակը կրկնվում է ԵԱՀԿ նախարարական խորհուրդների ժամանակ։

Համանախագահների հայտարարությունը վերահաստատեց  միջազգային իրավունքի այն երեք հիմնարար սկզբունքները, որոնք ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում. ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից հրաժարումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս սկզբունքները մշակվել են համանախագահների կողմից հակամարտության կարգավորման բաղադրիչների հետ միասին որպես անբաժանելի ամբողջություն:

Հայաստանը բազմիցս վերահաստատել է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար այս սկզբունքների և բաղադրիչների հիման վրա բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը: Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին:

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանը   աջակցում է համանախագահների բոլոր առաջարկներին: Պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել  շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Այդ միջոցները որոշվել և համաձայնեցվել են 2016թ. տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների ընթացքում. հարգել 1994-1995թթ. ստորագրված զինադադարի վերաբերյալ համաձայնագրերը, ներդնել հրադադարի  ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ, ընդլայնել ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության հնարավորությունները ցամաքում: Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել այս բոլոր միջոցները:

Համանախագահները վերահաստատեցին միջնորդական գործողություններ իրականացնելու իրենց հանձնառությունը կողմերին ներկայացրած առաջարկությունների հարցում փոխզիջումների հասնելու համար:  Այդ առաջարկությունները քաջ հայտնի են և իրենց արտահայտությունն են գտել համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ.-ից մինչ օրս արված հինգ հայտարարություններում: Այս առաջարկությունների հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը:

Հայաստանը մշտապես վերահաստատում է իր սկզբունքային հավատարմությունը  համանախագահների առաջարկությունների հիման վրա հակամարտության բացառապես  խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Բանակցային գործընթացը այլընտրանք չունի:

Ակնհայտ է, որ այն, ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և ստացել է Հայաստանի աջակցությունը, մերժվել է Ադրբեջանի կողմից, ինչն էլ  խաղաղության գործընթացի հաջողության վրա բացասաբար ազդող գլխավոր գործոնն է:

Եթե Բաքուն ականջալուր լինի հրադադարի ռեժիմը հարգելու վերաբերյալ համանախագահների կոչերին, կյանքի կոչի մինչ այս կնքված պայմանագրերը, վերահաստատի իր հավատարմությունը հակամարտության կարգավորման համար  համանախագահների կողմից առաջարկված սկզբունքներին և կառուցողական մասնակցություն ունենա բանակցություններին, խաղաղության գործընթացի հաջողության համար նոր ճանապարհ կհարթվի:

   Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ տպագրված France Arménie ամսագրում