ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ հարթակ է համարում աֆրիկյան երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու համար
08.10.2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ հարթակ է աֆրիկյան մայրցամաքում ավելի ճանաչելի դառնալու, Հայաստանի տնտեսական կարողություններով այդ շուկա մտնելու և համագործակցությունն ընդլայնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Իհարկե, մենք ունենք նաև այլ հարթակներ, բայց գագաթնաժողովի շրջանակում համագործակցության ոգին շատ լավ և օգտակար է օգտագործելու համար այս հարթակը, որպեսզի մեզ ավելի ճանաչելի դարձնենք Աֆրիկայում: Այս հարթակը նաև հնարավորություն է ուսումնասիրություններ անելու, մեր տնտեսության կարողություններով այդ շուկաներ մտնելու և մեր շուկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու համար»,- ընդգծեց Մնացականյանը՝ հավելելով. «Մեզ համար բավական մեծ գերակայություն է, այս հարթակն օգտագործելով, աֆրիկյան մայրցամաքում ավելի երևելի աշխուժություն ցուցադրելու,  մայրցամաքում աֆրիկյան բոլոր երկրների հետ աշխատելու համար»:

Նախարարը նշեց՝ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի հիմնականում գրեթե բոլոր աֆրիկյան պետությունների հետ, սակայն  մի բան են դիվանագիտական հարաբերությունները, մեկ այլ բան է համագործակցությունն ընդլայնելը:

Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը: Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:

Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռչակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը: Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

   ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը լավ հարթակ է համարում աֆրիկյան երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու համար