Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարը ծանոթացնում է երկրի ուսումնական հաստատություններին
07.10.2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադան այցելուներին ներկայացնում է կրթական ոլորտում իր հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին տեղեկություն կարելի է գտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարից:

«Երիտասարդությունը, ուսումը մեզ համար շատ կարևոր են: Ներկայացնում ենք Կանադայի մշակութային բազմազանությունը»,- ասաց տաղավարի ներկայացուցիչը:

Նա նկատեց՝ շատերն են հետաքրքրված Կանադայում ուսանելով: Տաղավարում ներկայացված են բրոշյուրներ, որոնք տեղեկություն են տալիս երկրի ուսումնական հաստատությունների մասին: Ներկայացված է նաև գիրք, որում ընդգրկուն տեղեկություն կա Կանադայի գրեթե բոլոր ուսումնական հաստատությունների մասին: Ուսումնական հաստատությունները ներկայացված են նաև քարտեզի միջոցով:

Կանադան երկլեզու երկիր է, և այս տաղավարով ուզում են նաև, որ ժողովուրդը տեղեկանա՝ Կանադայի շատ հատվածներում են ֆրանսերեն խոսում:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է  ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները: Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:

 

   Ֆրանկոֆոնիայի ավանում Կանադայի տաղավարը ծանոթացնում է երկրի ուսումնական հաստատություններին