ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին
26.11.2017

Փարիզ, 26 նոյեմբերի 2017թ․

    

   

   Հարգելի՛ պարոն Նախագահ,

   Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,

   Հարգելի՛ գործընկերներ,

  Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Նախարարական համաժողովը հյուրընկալելու համար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության  քարտուղարությանը բարձրաստիճան այս միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Տոգոյի մեր գործընկերների ներդրումը  նախարարական այս հանդիպման  նախապատրաստման մեջ։ 

     Հարգելի՛ գործընկերներ,

     Տիկի՛ն Գլխավոր քարտուղար, քիչ առաջ Ձեր կողմից ներկայացված զեկույցը վկայում է մեր Կազմակերպության կողմից իրականացվող ամենօրյա աշխատանքների մեծ ծավալի և բազմազանության մասին։

    Պետք է նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնահերթություններում առավել քան տեղին են ներառված կայուն զարգացումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։

   Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար, ցանկանում եմ վերահաստատել նաև մեր աջակցությունը Ձեր հետեւողական գործունեությանը, որը նպատակաուղղված է ֆրանկոֆոն տարածաշրջանում խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների առաջմղմանը։ Միջնորդական առաքելությունները, որոնք իրականացվում են ՖՄԿ տարածքի և միջազգային գործընկերների հետ համատեղ, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակում գտնվող երկրներին ցուցաբերվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օժանդակությունն այնպիսի ոլորտներ են հանդիսանում, որտեղ մեր կազմակերպությունն ունի հեղինակավոր դերատարություն և փորձառություն։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի  հանձնառության մասին, որը դրսևորվեց Ձեր կողմից նախաձեռնած Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն բարձրաստիճան առաքելությանը մասնակցելու ընթացքում։     

      Հարգելի՛ գործընկերներ,

     Այսօր մենք հարկադրված ենք առերեսվել ահաբեկչության մշտական  սպառնալիքին։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ամենախիստ կերպով դատապարտել ահաբեկչական գործողությունները, որոնց թիրախ դարձան վերջին ժամանակաշրջանում նաև Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները և վերստին մեր լիարժեք աջակցությունը հայտնել այս չարիքի դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերին։

   Երեկ Եգիպտոսում և Մալիում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում եգիպտացի և մալիացի բարեկամ ժողովուրդներին։ 

    

    Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում, մասնավորապես ՖՄԿ երկրներից՝ Լիբանանում և Մալիում, վկայում են խաղաղությանն ու կայունությանը նպաստելու մեր վճռական հանձնառության մասին։     

     Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, կցանկանայի ևս մեկ անգամ կարևորել այն, ինչը նշված է  Ֆրանկոֆոնիայի վերջին երեք գագաթաժողովներին ընդունված բանաձևերում, որտեղ վերահաստատվում է մեր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ է արվում անվերապահ հարգել 1994 և 1995թթ․ անժամկետ եռակողմ զինադադարի համաձայնագրերը, հավաստել հանձնառությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած անբաժան ամբողջություն հանդիսացող սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի  չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին՝ որպես հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հիմք։             

    

        Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,

  Ցանկանում եմ նաև մեր գնահատանքը հայտնել Ձեր այն ջանքերի համար, որոնք նպատակաուղղված են մեր հասարակություններում երիտասարդության դերի ամրապնդմանը և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության ընդլայնմանը։      

   Այս առումով արժևորում ենք Ձեր նախաձեռնությունը, որի արդյունքում Բուխարեստում կազմակերպվեց Ֆրանկոֆոնիայի կանանց իրավունքներին նվիրված համաժողովը։   Լիակատար աջակցություն հայտնելով այս համաժողովի արդյունքում ընդունված Կոչին՝ կարծում ենք, որ Կանանց և տղամարդկանց իրավունքների  հավասարության մասին Ֆրանկոֆոնիայի ռազմավարությունը կարող է ներառվել 2018թ. անցկացվելիք Երևանի գագաթաժողովին ընդունման համար նախատեսված փաստաթղթերի շարքում։

   

   Հայաստանը պաշտպանում է նախարարական համաժողովի հաստատմանը ներկայացված բանաձևերի և որոշումների նախագծերը։

   Թերևս այսքանով սահմանափակվեմ, քանի որ այս համաժողովի ընթացքում մի քանի անգամ ելույթներ եմ ունենալու։

      Շնորհակալություն։

 

 

   ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը  Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին