Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տեսակոնֆերանս
19.03.2021

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության շրջանակներում՝ մարտի 19-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը՝ Եվրոպայի Խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հետ համատեղ, կազմակերպել էր տեսակոնֆերանս՝ «ԵԽ և ՖՄԿ համատեղ արժեքների ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացում. կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման կարևորություն» թեմայով։ Տեսակոնֆերանսը նվիրված էր մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան։ 

Ողջույնի խոսքով հանդես եկան ԵԽ-ում Հայաստանի, Ֆրանսիայի և Մոնակոյի մշտական ներկայացուցիչները, ԵՄ-ում և ԵԽ-ում ՖՄԿ ներկայացուցիչը, Ստրասբուրգում Թունիսի գլխավոր հյուպատոսը (որպես ՖՄԿ հաջորդ նախագահող երկիր), ինչպես նաև ԵԽ գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի ղեկավարը և ԵԽ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ ֆրանկոֆոն երկրներում եվրոպական արժեքների, մասնավորապես՝ մարդու իրավունքների պահպանման ուղղությամբ իրականացվող գործողություններին, առանձնահատուկ ընդգծելով ԵԽ-ՖՄԿ արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նա ընդգծեց, որ տեսակոնֆերանսի թեման արդիական է երկու միջազգային կազմակերպությունների համար՝ համաձայն ՖՄԿ երևանյան գագաթաժողովի որոշումների։ 

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկում ծավալվեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ, մասնավորապես՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մարտահրավերների տեսանկյունից։ Բազմաթիվ մասնակիցներ հնարավորություն ունեցան թեմային առնչվող իրենց հուզող հարցերն ուղղել կազմակերպիչներին և հյուրերին։ 

   Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված տեսակոնֆերանս