Ֆրանկոֆոնիան համախմբվում է՝ Երևանում կայանալիք XVII գագաթաժողովին ընդառաջ
04.07.2018

«Չորս ամսից մի փոքր ավելի ժամանակ է մեզ բաժանում Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովից, որը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 11-ին և 12-ին, և որն այս տարի մեր կազմակերպության օրակարգի կարևորագույն միջոցառումն է,»- հայտարարեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանն այս երեքշաբթի, հուլիսի 3-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 104-րդ նստաշրջանի բացմանը։ Բազմաթիվ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցերից զատ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների անձնական ներկայացուցիչներն իրենց աշխատանքի մեծ մասը նվիրեցին Հայաստանում կայանալիք Գագաթաժողովի նախապատրաստությանը։ Գագաթաժողովը ունենալու է հետևյալ խորագիրը․ «Ապրել միասին հանդուրժողականությամբ, մարդասիրական արժեքները կիսելով և բազմազանությունը հարգելով՝ որպես խաղաղության և բարգավաճման աղբյուր ֆրանկոֆոն տարածության համար»։

Անդրադառնալով գագաթաժողովի նախապատրաստական փաստաթղթերին, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդն ի գիտություն ընդունեց Երևանի հռչակագրի նախնական նախագծի, ընդունվելիք բանաձևերի նախագծերի, ինչպես նաև «Ապրել միասին» պակտի աշխատանքների շուրջ ժամանակավոր հանձնաժողովի գրանցած առաջընթացը։ Պակտի բովանդակությունը ամբողջովին բաց է երիտասարդների կողմից դիտարկումների ու առաջարկությունների համար։ Այս տեսանկյունից, սեպտեմբերի 17-ից 19-ը  Ժնևում տեղի կունենա երիտասարդ ֆրանկոֆոնների երկրորդ կոնֆերանսը, որի նպատակն է հստակեցնել, թե ինչպիսին կլինի նրանց ներդրումը Երևանի գագաթաժողովին։

Անձնական ներկայացուցիչներն ծանոթացան նաև հաջորդ՝ 2019-2022թթ․ համար նախատեսված ծրագրավորման աշխատանքներին։ Այդ ծրագրավորումը հաստատվելու է Երևանի համապատասխան ատյանների կողմից և հիմնված է լինելու ընթացիկ ծրագրավորման արտաքին գնահատականի վրա։ Այն կհամապատասխանի  հավելյալ և ավելի ապակենտրոն 18 ծրագրերի շուրջ բազմակարծությունն ու համերաշխությունը, ինչպես նաև երեք կարևոր հրամայականները խթանելու անհրաժեշտությանը․ 1) գործել ի նպաստ ֆրանսերեն լեզվով դասավանդման և ֆրանսերենի լեզվի զանգվածային ուսուցման, 2) ի նպաստ երիտասարդության, 3) ի նպաստ կին-տղամարդ հավասարության։ Զուգահեռաբար դրական քննարկումներ տեղի ունեցան ՖՄԿ-ի 2019-2022թթ․ բյուջեի այնպիսի  մշակման շուրջ, որը հնարավորություն կտա կազմակերպությանը դիմագրավել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատեց նաև Կանանց և աղջիկների ինքնուրույնության և իրավունքների, կին-տղամարդ հավասարության խթանման Ֆրանկոֆոնիայի ռազմավարության նախագիծը, որը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների կողմից հաստատման կներկայացվի Երևանում։ Ֆրանկոֆոնիան ցանկանում է նաև նոր՝ թարմացված պակտ ստորագրել իր տարածության մեջ գործող ոչ կառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ։ Քաղաքացիական հասարակության 127 կազմակերպություններ, որոնք հավատարմագրվել են Մշտական խորհրդում անձնական ներկայացուցիչների կողմից և այժմ ներկայացնում են ոչ կառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների համաժողվի կազմը, սեպտեմբերի 12-ից 14-ը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին ընդառաջ հանդիպում կանցկացնեն Երևանում։ Վերջիններիս առաջարկություններն էլ կլինեն հանդիպման քննարկումների առանցքում։  

Վերջապես, ՖՄԽ-ի այս 104-րդ նստաշրջանը հաստատեց ՖՄԿ-ի Ադմինիստրատորի՝ ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը` սահմանելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության թափանցիկության քաղաքականությունն ավելի համակարգված դարձնելու շրջանակները: Քվեբեկը կստանձնի այս խմբի նախագահությունը, որը պետք է աշխատի բոլոր անդամ երկրների ու կառավարությունների հետ։ Այս միասնական և կառուցողական քայլը ՖՄԿ-ին հնարավորություն  կտա բարելավվել թափանցիկությանն ուղղված իր միջոցառումները՝ Օգնության տրամադրման թափանցիկության միջազգային նախաձեռնությանը միանալու հաստատակամությամբ։ ՖՄԿ-ի անդամ 17 երկիր արդեն այս նախաձեռնության մաս են կազմում։

https://bit.ly/2KNl6xG

 

   Ֆրանկոֆոնիան համախմբվում է՝ Երևանում կայանալիք XVII գագաթաժողովին ընդառաջ