Էդվարդ Նալբանդյանի ելույթը. Ֆրանկոֆոնիայի XVII երևանյան Գագաթնաժողովի կազմակերպում․ նախապատրաստական աշխատանքների ընթացք, ամսաթվեր, խորհրդանշան և կարգախոս
26.11.2017

Հարգելի՛  պարոն նախագահ,

Հարգելի՛  տիկին Գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ պարոն պետքարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ,

 

Նախ և առաջ ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, թե ինչպիսի մեծ պատիվ է, որ Կազմակերպության  երկրների և կառավարությունների ղեկավարները Հայաստանին են վստահել Ֆրանկոֆոնիայի  XVII-րդ գագաթնաժողովի անկացումը։ Մենք այս որոշումն ընկալում ենք որպես Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի հանձնառության մեծ գնահատանքի վկայություն։

Հանուն այս Գագաթնաժողովի հաջողության՝ Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները։

Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվել է Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում իմ գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ: Այն արդեն իսկ գործում է՝ սերտորեն համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ։  

Ինչ վերաբերում է Գագաթնաժողովի անցկացման ամսաթվերին, հաշվի առնելով միջազգային միջոցառումների օրացույցը, առաջարկում ենք Երևանի գագաթնաժողովը անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական  մարմինների համար առաջարկում ենք հետևյալ օրերը՝ հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերի համար։

Որպես XVII-րդ Գագաթնաժողովի խորհրդանշան (լոգո)՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի։        

Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Գագաթնաժողովի տեսանելիության ապահովմանը։

Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը և խրախուսել երիտասարդների մասնկացությունը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին։

Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալահամերգը, որը տեղի կունենա  Գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին,  պետական ճաշից առաջ։         

Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներով իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։  

«Ֆրանկոֆոնիայի ավանը» տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, Երևանի սրտում, որի 2800-րդ  ամյակի տոնակատարությունները կնախորդեն Գագաթնաժողովին։

 

Հարգելի՛  պարոն նախագահ,

Հարգելի՛  տիկին Գլխավոր քարտուղար,

Հարգելի՛ գործընկերներ,

Ինչ վերաբերում է Գագաթնաժողովի հիմնական կարգախոսին, առաջարկում ենք «Ապրել միասին» թեման։ «Ապրել միասին հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել  ամրապնդմանը։

Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» Պակտ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման և բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը։ Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա այս գործընթացին և իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը։            

 

Տիկնայք և պարոնայք,

Գագաթնաժողովի շրջանակներում կարևոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում։ Մեր նպատակն է՝ խրախուսել գործարարների միջև շփումները, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների և հեռանկարների շուրջ։    

Մեծապես կարևորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումը և հույս ունենք, որ Երևանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի նպատակով։       

 

Հարգելի՛ գործընկերներ,

Գագաթնաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։ Այլ կարևոր թեմաներ նույնպես նախատեսված են օրակարգում, ինչպիսիք են՝ կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, թվային ֆրանկոֆոնիան, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը և այլն։    

 

Հարգելի՛ գործընկերներ,

Առաջարկում եմ Ձեզ դիտել Երևանի Գագաթնաժողովի նախապատրաստման մասին կարճ ֆիլմը, որը Ձեզ ընդհանուր պատկերացում կտա Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի մասին, ինչպես նաև Գագաթնաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և գործնական այլ հարցերի վերաբերյալ։

 

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ակնակլում ենք բոլորի հետ միասնաբար աշխատանք տանել՝ Երևանի Գագաթնաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթնաժողովի բարեհաջող կայացումը մեր միասնական հաջողությունն է լինելու, մեր Ֆրանկոֆոն ողջ ընտանիքի ընդհանուր հաջողությունը։    

Շնորհակալություն։

 

   Էդվարդ Նալբանդյանի ելույթը. Ֆրանկոֆոնիայի XVII երևանյան Գագաթնաժողովի  կազմակերպում․ նախապատրաստական աշխատանքների ընթացք, ամսաթվեր, խորհրդանշան և կարգախոս