Էդվարդ Նալբանդյանի խոսքը Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին
23.02.2018

Բարև ձեզ,

Ուրախ եմ Երևանում ողջունել մադագասկարցի գործընկերոջս, իմ լավ բարեկամ պարոն Անրի Ռաբարի-Նձակային, ով առաջին անգամ է գալիս Երևան։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու, քննարկելու թե՛ երկկողմ, թե՛ տարբեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և այսօր շատ ուրախ եմ, որ վերջապես այս հանդիպումը կայանում է նաև Երևանում։ Գիտեք, պատրաստվում ենք հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, իսկ ներկայումս Մադագասկարը նախագահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում:

Հատկանշական է, որ Մադագասկարի արտաքին գործերի նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում:

Այսօր մենք գործընկերոջս հետ առանձնազրույց ունեցանք, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Մենք արձանագրեցինք, որ վերջին տարիներին, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո, Հայաստանի և Մադագասկարի միջև շփումներն ու փոխգործակցությունը նկատելիորեն աշխուժացել են: Պարոն նախարարի հետ մենք համակարծիք էինք, որ անցած տարիների ընթացքում համագործակության դրական փորձ ենք կուտակել, ինչը կարող է լավ հիմք հանդիսանալ տարբեր բնագավառներում գործընկերության հետագա զարգացման ու խորացման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք Հայաստանի և Մադագասկարի միջև հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ: Երկուստեք կարևորեցինք երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկեցինք իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կառույցներում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

Պետք է նշել, որ մեր երկրները լավագույնս համագործակցում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում։ Մենք միմյանց աջակցել ենք կազմակերպության գագաթաժողովները հյուրընկալելու հարցում: Ես հուսով եմ, որ այդ դրական փորձը կշարունակվի ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլ նաև միջազգային այլ հարթակներում և կազմակերպությունների շրջանակներում:

Խորհրդանշական է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահությունը 2015թ. Մադագասկարը ստանձնեց Երևանում, ու երեք տարի անց նույն վայրում բարեկամ Մադագասկարը ՖՄԿ նախագահությունը կփոխանցի Հայաստանին։ Նաև հենց Անտանանարիվոյում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը իր քույր քաղաք Երևանում անցկացնելու վերաբերյալ։ Ինչու եմ ասում քույր քաղաք, որովհետև մեր երկու մայրաքաղաքները համագործակցության պայմանագիր են ստորագրել դեռ 1981 թվականին՝ 37 տարի առաջ:

Մեր հարաբերությունները Մադագասկարի հետ սկիզբ են առել մոտ 40 տարի առաջ, սակայն հետագայում զարգացում չեն ունեցել։ Կարծում եմ շատ անելիքներ ունենք՝ տարբեր բնագավառներում առավել ընդլայնելու, խորացնելու մեր համագործակցությունը, նոր շունչ, նոր թափ հաղորդելու մեր փոխգործակցությանը։ Մենք պատրաստում ենք Մադագասկարի նախագահի այցելությունը Հայաստան: Այս տարվա մայիս ամսին մենք սպասում են Մադագասկարի հարգարժան նախագահին պետական այցելությամբ Հայաստանում։ Կարծում եմ, դա լավ հնարավորություն կլինի ոչ միայն երկկողմ պայմանագրեր ստորագրելու, նաև թափ հաղորդելու տնտեսական փոխգործակցությանը։ Այդ այցելության շրջանակներում մենք մտադիր ենք երկու երկրների գործարարների հանդիպում կազմակերպել, նաև նոր սկիզբ դնել միջխորհրդարանական հարաբերություններին։ Ոչ միայն երկու խորհրդարանների բարեկամական խմբերի միջոցով, այլ նաև ավելի ակտիվ շփումներ հաստատելով մեր խորհրդարանականների միջև տարբեր խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Մադագասկարի գործընկերոջս ներկայացրեցի այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, գագաթաժողովի հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի մշակման գործընթացը։

Կարևորեցինք գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող գործարար համաժողովին Մադագասկարից գործարարների մասնակցությունը և նրանց ներգրավումը ստեղծվելիք Ֆրանկոֆոն գործարարների ցանկում:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Մենք շարունակելու ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակումը աշխատանքային ճաշի ընթացքում:

   Էդվարդ Նալբանդյանի խոսքը Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին