Ֆրանկոֆոն երիտասարդական ֆորում Երևանում
13.09.2018

Սեպտեմբերի 11-ից 12-ը, Հայաստանի ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նախաձեռնությամբ և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ PicsArt ընկերության հայաստանյան մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոն երիտասարդական ֆորումը։ Ֆորումի անցկացման վայրը` PicsArt ընկերությունը ջերմ ու անմիջական միջավայրն ապահովելուց զատ լիովին համահունչ էր նաև ֆորումի առանցքային թեմաներին մեկին՝ թվային նորարարությանը։

«Ապրել միասին կայուն զարգացող միջավայրում և ներգրավված հասարակությունում» խորագիրը կրող երկօրյա ֆորումի ընթացքում կազմակերպվեց  երեք թեմատիկ քննարկում՝ թվային նորարության, երիտասարդների ներգրավվածության, ինչպես նաև կայուն զարգացման շուրջ, որոնք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության առանցքում և միևնույն ժամանակ  Հայաստանի հետաքրքրության շրջանակներում են։

Ֆորումին որպես բանախոսներ հրավիրված էին ներկայացուցիչներ PicsArt ընկերության հայաստանյան մասնաճյուղից, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամից (FAST), Ֆլանդրիայում ֆրանկոֆոնիայի խթանման միությունից (APFF),    նորաստեղ ստարտափերին աջակցող Startdoon պլատֆորմից, «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամից, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունից, Avant-Scène միությունից, «Ապագա հարթակից», IDeA հիմնադրամից, SPFA ֆրանսիական կազմակերպությունից։ Ֆորումը բացման արարողությանը երիտասարդներին ուղղված ողջույնի խոսով հանդես եկավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։

Ֆորումի ձևաչափը հնարավորություն տվեց մասնակիցներին երկխոսության մեջ մտնել բանախոսների հետ, տալ իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները իրենց ոլորտներում առաջատար մասնագետներից։ Այս ձևաչափը ֆորումին առավել հետաքրքիր ու ինտերակտիվ բնույթ հաղորդեց՝ դարձնելով այլընտրանքային կրթության հիանալի հարթակ։

   Ֆրանկոֆոն երիտասարդական ֆորում Երևանում