ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներին
29.03.2019

Մարտի 29-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալվեցին Բրանդենբուրգի Իմանուիլ Կանտի անվան դպրոցի ֆրանսախոս սաները՝ Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում:

Աշակերտներին ներկայացվեց Հայաստանի պատմությունը և մշակույթը, դեսպանության գործունեությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որից հետո կազմակերպվեց քննարկում վերոնշյալ թեմաներով:
 
Մարտի 30-ին Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի շաբաթն ամփոփող միջոցառում՝ «Ֆրանկոֆոնիաների տոն», որին այս տարի ևս առանձին տաղավարով մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանը: Միջոցառման կարգախոսն էր «Համերաշխություն մեր մշակույթների միջև»:
 
2003թ. ի վեր անցկացվող ամենամյա միջոցառմանն այս տարի ներկա էին Բեռլինում հավատարմագրված «Ֆրանկոֆոն խմբին» պատկանող շուրջ երեք տասնյակ երկրներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:
 
Ֆրանկոֆոնիայի տոնի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ մասնակից երկրների ազգային հեքիաթների ընթերցանություն երեխաների համար, ազգային երաժշտության երեկո, ազգային խոհանոցների ուտեստների համտեսում, երկրների մասին տեղեկատվական նյութերի ցուցադրություն և այլն:
 
Միջոցառման շրջանակներում կայացավ Բեռլինում «Ֆրանկոֆոնների տան» բացման հանդիսավոր արարողությունը, որին, ՖՄԿ անդամ մյուս երկրների դեսպանների հետ, ներկա էր նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
 
Տեղեկանք. Բեռլինի Ֆրանսիական կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված «Ֆրանկոֆոնների տունը» նպատակ ունի խթանել ֆրանսերենը, ֆրանկոֆոն ընտանիքի արժեքները և մշակութային բազմազանությունը, նպաստել Գերմանիայի և Ֆրանկոֆոն աշխարհի միջև համագործակցության սերտացմանը: Նախագծին աջակցում են Բեռլինում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում՝ ՀՀ դեսպանությունը:

   ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում կազմակերպված միջոցառումներին