ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը Տնտեսական ֆորումի մասին
06.02.2018

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում պլանավորում ենք անցկացնել տնտեսական համաժողով։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև մենք փորձում ենք համախմբել ֆրանկոֆոն երկրների գործարարներին, իսկ ինչպես գիտեք, նրանք բավականին մեծ քանակություն են կազմում։ Գործարար այդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին զուգահեռ: Այս պահի դրությամբ, ենթադրվում է, որ կմասնակցեն 300-350 գործարարներ, և ես կարծում եմ, որ համաժողովին կմասնակցեն խոշոր գործարարներ ոչ միայն Հայաստանից, այլ ընդհանրապես բոլոր ֆրոնկոֆոն երկրներից։

Իրականում, Հայաստանը նախաձեռնել է այս գաղափարը, որպեսզի մենք անցկացնենք գործարար համաժողով, բայց ոչ միայն անցկացնելու գաղափարը, նաև կա առաջարկություն ստեղծել, ընդհանրապես,  գործարարների ցանց։ Այսինքն՝ մենք ստեղծենք այնպիսի մի ցանց, որը հնարավորություն կտա ֆրանկոֆոն երկրների գործարարներին  մշտապես գտնվել կապի մեջ։ Այդ ցանցի միջոցով, մենք ենթադրում ենք առաջինը փոխանակել  տեղեկատվություն ընկերությունների մասին, երկրորդը՝ փոխանակել կոնկրետ հնարավորությունների մասին տեղեկատվություն և արդյունքում թույլ տալ իրենց միմյանց հետ համագործակցել, ունենալ նոր պայմանագրեր և նոր տնտեսական համագործակցություն։ Ես կարծում եմ՝ այդ ցանցի ստեղծումը բավականին լուրջ քայլ է։ Մենք այժմ քննարկում ենք, թե ինչ ֆորմատ պետք է ունենա այդ ցանցը և ինչպես դա պետք է կազմակերպվի։

Պատրաստվում ենք առաջիկայում այդ ցանցի կոնցեպտը ներկայացնել ֆրանկոֆոնիայի քարտուղարությանը և մեր գործընկերների հետ դա քննարկել, որպեսզի համաժողովի շրջանականերում դա հաստատենք։ Ակնկալում ենք, որ Հայաստանն այստեղ կունենա լուրջ դերակատարում, մասնավորապես՝ այդ գործարար հետաքրքրությունները միմյանց հանդիպեցնելու և զարգացնելու ուղղությամբ։ Մենք, իրոք, ուզում ենք, որպեսզի Հայաստանում անցկացվող գործարար համաժողովի շրջանականերում այդ գործարար ցանցի մեկնարկը տրվի Հայաստանում։ Ասեմ որ, այդ գործարար ցանցի գաղափարախոսության վրա մենք հիմա աշխատում ենք, կոնցեպտը մշակում ենք և փորձելու ենք այնպես անել, որ Հայաստանն իր ուրույն դերակատարությունն ունենա այդ ցանցի աշխատանքների շրջանականերում։

Առևտրաշրջանառության տեսանկյունից, Ֆրանսիայի հետ մենք ունենք մոտավորապես 47% աճ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համար։ Դա կազմում է, մոտավորապես 74 մլն դոլար շրջանառություն։ Բացի դրանից, մենք իհարկե ունենք բավականին մեծ ծավալի ֆրանսիական ըմկերություններ՝ սկսած Կրեդիտ ագրիկոլ բանկից վերջացրած այլ ընկերություններով, որոնք այստեղ լուրջ ներդրումներ են իրականացրել Հայաստանում և շարունակում են իրականացնել։ Այդ տեսանկյունից, ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև օրինակ՝ Կանադան, Շվեյցարիան և այլ երկրներ նույնպես համարվում են մեզ համար թիրախային երկրներ, որտեղից մենք կցանկանայինք ընդլայնել այն գործընկերների կամ ընկերություններ ցանկը, որոնք ներդրումներ կանեն Հայաստանում։

Հայաստանի առաջարկությունը, մենք մինչև փետրարի 5-ը կունենանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում առաջինը գործարար համաժողովի կազմակերպումը, երկրորդը՝ այդ գործարարների ցանցի ստեղծման գաղափարը, կոնցեպտը և կարծում եմ՝ ամենաուշը մինչև մարտի վերջ, կհաստատենք արդեն, նկատի ունեմ կհաստատենք նաև ֆրանկոֆոնիայի  քարտուղարության հետ,  ինչպես է դա իրականում լինելու, որովհետև դրանից հետո մեր կողմից պիտի արդեն հրավերներն ուղարկվեն։

   ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը Տնտեսական ֆորումի մասին