Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի նիստը
18.03.2018

2018թ. մարտի 19-ից 21-ը, Երևանում,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա  Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի նիստը: Հայաստանում այս նիստի գումարումը հերթական անգամ փաստում է ֆրանկոֆոն տարածությունում վերջինիս ստանձնած կարևոր դերի և ի նպաստ ֆրանկոֆոն արժեքների և ֆրանսերեն լեզվի տարածման գործելու հանձնառության մասին:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդատվական մարմինն է և կազմված է անդամ երկրների սեկցիաների պատվիրակություններից: ՖՄԿ-ի գործադիր ատյաններում վերջինս ներկայացնում է ֆրանկոֆոն ժողովուրդների շահերն ու ակնկալիքները՝ որպես հիմնական նպատակ ունենալով անդամ երկրներում խթանելու ժողովրդավարության ու իրավական պետության գաղափարները և պաշտպանելու մարդու իրավունքները ֆրանկոֆոն տարածքում։

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու համար Հայաստան կժամանեն   Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 27 երկրներից և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունից ավելի քան 40 պատվիրակներ: Տոգոյի Հանրապետության սեկցիան նիստին մասնակցելու է երկրի խորհրդարանի նախագահ Դամա Դրամանիի ղեկավարությամբ: Մյուս սեկցիաները ներկայացված են լինելու իրենց երկրների խորհրդարանների փոխխոսնակների և պատգամավորների մակարդակով: Նիստին Հայաստանի սեկցիան ներկայացնելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Ֆրակոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի սեկցիայի նախագահ Մարգարիտ Եսայանը և Հայաստանի սեկցիայի ադմինիստրատիվ քարտուղար Էդուարդ Բադոյանը:

Նիստին ներկա կգտնվի և ելույթով հանդես կգա նաև ՀՀ արտաքին գործերի նախարար, ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի, Ֆրանսիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Լիբանանի և  21 այլ սեկցիաների ներկայացուցիչներ կքննարկեն այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են քաղաքական իրավիճակը ֆրանկոֆոն տարածությունում, կրոնական ծայրահեղականության դեմ պայքարը, ՄԱԿ-ի խաղաղասիրական առաքելությունները, մահապատիժը և միջազգային կարևորության այլ հարցեր:  

 

   Հայաստանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի նիստը