Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Բեռլինում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տոնին
10.03.2018

Մարտի 10-ին Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որն այս տարի կազմակերպել էին ԳԴՀ-ում Կանադայի և Բենինի դեսպանություններն ու Քվեբեքի կառավարության ներկայացուցչությունը: Միջոցառման կարգախոսն էր «1001 շեշտադրում՝ մեկ կտուրի տակ»: Տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում գալիք նախագահությունը ստանձնող Հայաստանը: 

2003թ. ի վեր անցկացվող ամենամյա միջոցառմանն այս տարի ներկա էին Բեռլինում հավատարմագրված «Ֆրանկոֆոն խմբին» պատկանող ավելի քան 20 երկրներ, ինչպես նաև դիվանագետներ, ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Ֆրանկոֆոնիայի տոնի ընթացքում տեղի ունեցան մի շարք միջոցառնումներ, այդ թվում՝ մասնակցող երկրների ազգային հեքիաթների ընթերցանություն երեխաների համար, ազգային երաժշտության երեկո, ազգային խոհանոցների ուտեստների համտեսում, երկրների մասին տեղեկատվական նյութերի ցուցադրություն և այլն:

   Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Բեռլինում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տոնին