Հայաստանի վարդագույն մայրաքաղաքի` Երևանի նախորդները
06.06.2018

 

Իր թիկունքում ունենալով երեքհազարամյա պատմություն`  Հայաստանն առաջարկում է հասարակ չափանիշներից դուրս մի համայնապատկեր և ժառանգություն։ Հնագույն առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվելու շնորհիվ առևտրական փոխանակումներում ունեցած իր դերով, եկեղեցու հետ կապված գիտական, մշակութային, կրթական, փիլիսոփայական և կրոնական մտքի բարձր զարգացվածության աստիճանով, ինչպես նաև իր դինամիզմով Հայաստանը դարձել է մշակութային մեծ ուժով օժտված երկրի օրինակ։ Իսկապես, Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից մեկն է և հնագիտական պեղումների արդյունքում այստեղ շարունակ  բացահայտվում են  նորանոր թաքնված գանձեր։

Հայաստանի՝ բազմաթիվ մայրաքաղաքներ ունենալու հանգամանքը, բացի աշխարհագրական սահմանափակումներից ու պատմական վայրիվերումներից, վեր է հանում նաև Հայաստանի մշակութային և գեղարվեստական ինքնությունը, խոսում է  նրա ծայրահեղ բարդ ճակատագրի մասին։

Վան

Վան քաղաքը հիմնադրվել է Ք․ա․  IX դարի առաջին կեսին․ Վանը դարձել է Ուրատու թագավորության մայրաքաղաք Սարդուրի I արքայի օրոք։ Տուշպան քաղաքի մյուս անվանումն է։ Հավարվում է, որ Վան անվանումը Բիայնա անվան հայերեն տառադարձությունն է և նշանակում է «ապրելու վայր», «բնակավայր»։ Վանը եղել է Վասպուրականի հայկական թագավորության մայրաքաղաքն ու մշակութային կենտրոնը։

Արմավիր

Արմավիր քաղաքը կառուցվել է ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ գտնվող մի բլրի վրա։ Քաղաքը հիմնադրվել է Ուրարտուի Արգիշտի I արքայի կողմից, ով քաղաքի հիմնադրման վերաբերյալ մի վիմագիր արձանագրություն է թողել։ Երվանդունիների արքայատոհմի գահակալության տարիներին, Արմավիրը  Հայաստանի մշակութային, վարչական և հոգևոր կենտրոնն էր։ Ք․ա․ 331թ․ պարսիկների նկատմամբ Ալեքսանդր Մեծի հաղթանակից հետո, Երվանդունիները, ովքեր համարվում էին Պարսկաստանի սատրապները, իրենց արքա հռչակեցին։ Երվանդ III-ն Արմավիրը դարձրեց իր թագավորության մայրաքաղաքը։ Քաղաքի ավերակները բաղկացած են պարիսպներով շրջապատված երկու միջնաբերդերից, ջրատար համակարգերից ու դամբարաններից։ Քաղաքն ավերվել է  V դարում։ Հնագիտական պեղումներն այստեղ իրականացվում են 1962թ․-ից։

Երվանդաշատ

Հայաստանի Երվանդաշատ մայրաքաղաքը կառուցվել է Երվանդ IV արքայի կողմից Ք․ա․ 220թ․ Այրարատ գավառի Երասխաձոր շրջանի բլուրներից մեկի վրա, որտեղ հատվում են Արաքս ու Ախուրյան գետերը։ IV դարում  քաղաքն ամբողջապես ավերվել է Պարսկաստանի Շապուհ II արքայի կողմից։ Քաղաքի հնագիտական պեղումները սկսվել են միայն 2005թ․, սակայն հայ պատմիչ Մովսես Խորենացին նկարագրել է այն որպես երեք կողմերից գետով շրջապատված և բլրի վրա կառուցված մի քաղաք, որն ուներ բրոնզաձույլ դարպասներով բարձր պարիսպներ, երկաթե աստիճաններ, որոնք ձգվում են ներքևից մինչև դարպասները, իսկ շուկաների կենտրոնում կային թաքնված թակարդներ՝ արքային սպանել ցանկացող յուրաքանչյուրին բռնելու համար։

Արտաշատ

Արտաշես I-ը Հայ ժողովրդի պատմության քաղաքական ու ռազմական խոշոր գործիչներից մեկն է։ Նա հիմնադրել է Հայաստանի նոր մայրաքաղաքներից մեկն ու այն կոչել իր անունով՝ Արտաշատ։ Հույն պատմիչները հաղորդում են, որ Արտաշեսն Արտաշատ մայրաքաղաքը կառուցել է Արարատյան դաշտավայրի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բլուրների վրա Հռոմի հետապնդումներից Հայաստանում ապաստան գտած կարթագենացի զորավար Հաննիբալի խորհուրդներով։ Քաղաքը դառնում  է Հայաստանի հիմնական ռազմական ու առևտրական կենտրոնը Տիգրան Մեծի որդի Արտավազդ արքայի օրոք։ 366թ․ պարսից արքա Շապուհ II-ի կողմից քաղաքն ավերելուց և բնակիչներին գերեվարելուց հետո քաղաքն այլևս չի վերակառուցվել։

Տիգրանակերտ

Քաղաքը կառուցվել է Ք․ա․ 70-ական թվականներին և իր անունը ստացել է ի պատիվ Տիգրան Մեծ արքայի։ Իր տիրապետությունների նկատմամբ կենտրոնական դիրք ունեցող քաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Մեծը դեպի Տիգրանակերտ է տեղահանում իր կողմից նվաճված քաղաքների բնակիչներին ու կալանավորներին։ Տիգրան II արքան 6000 տաղանդի դիմաց կարողանում է վերականգնել իր թագավորությունն ու մայրաքաղաքը, բայց չի կարողանւոմ վերականգնել իր նվաճումների մեծ մասը։ 54թ․ Տիգրան Մեծի մահից հետո քաղաքը կորցնում  է իր նախկին կարևորությունն ու կարգավիճակը։ Քաղաքի նկարագրությունը մեզ հասել է հունական և հռոմեական պատմիչների շնորհիվ։

Վաղարշապատ

Վաղարշապատը, որը նաև հայտնի է Էջմիածին անվամբ, հիմնադրվել է Ք․ա  560-ից 570 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Քաղաքը, որն այդ ժամանակ կոչվում էր Վարդգեսավան, վերականգնվել է Արշակունյաց արքայատոհմից Վաղարշ I-ին արքայի կողմից (117-140թթ․) և ստացել է Վաղարշապատ անունը։ 163թ․ Վաղարշապատը դառնում է Հայաստանի մայրաքաղաքն Արտաշատի փոխարեն, որը կորցնում է իր կարգավիճակը։ Քաղաքը նոր շնչով ծաղկում է այն բանից հետո, երբ քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն և Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ IV-ը հիմնում են Էջմիածնի տաճարը՝ Հայաստանի ամենահին եկեղեցին։ Էջմիածնի տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է համաշխարհային ժառանգություն։

Դվին

Դվին քաղաքը հիմնադրվել է  IV դարում հայոց թագավոր Խոսրով III Կոդակի (330-338թթ․) կողմից։ Քաղաքը գտնվում է Արարատի շրջանում, իսկ ավելի հստակ Ոստան Հայոց գավառում։ V-ից X դարերում Դվինը եղել է Հայաստանի հոգևոր կենտրոնը և առևտրային ու արհեստագործական մի հսկա քաղաք, որն ունեցել է  100 000 բնակիչ։ Վեց միջազգային կարևորագույն ճանապարհներ էին սկիզբ առնում Դվինից և քաղաքը կապում էին Բյուզանդիայի, Կովկասի, Հյուսիսային Աֆրիկայի, Միջագետքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Բագարան

885թ․ Հայաստանի մեծամեծ իշխանները Աշոտ Բագրատունուն թագադրում են հայոց թագավոր։ Բագրատունիների նոր թագավորությունը նոր մայրաքաղաքի կարիք ուներ։ Չնայած Արշակունիների մայրաքաղաք Դվինը շարունակում էր մնալ Հայաստանի ամենամեծ քաղաքներից մեկը, սակայն այն մշտապես Ատրպատականից եկող հարձակման վտանգի տակ էր։ Աշոտ Բագրատունին  նոր մայրաքաղաք և իր իշխանության կենտրոն է դարձնում Բագարան քաղաքը։ Բագարանը նրա նախնիների դամբարանն էր։ Քաղաքն առաջին անգամ գրավվել և ավերվել է սելջուկների, իսկ երկրորդ անգամ՝ 1394թ․ Լենկ Թեմուրի կողմից։ Ի դեպ, ճարտարապետության պատմության տեսաբանները կարծում են, որ Բյուզանդիայի միջոցով Արևմուտք անցնելով, Բագարանի եկեղեցու ճարտարապետությունը ծառայել է նախատիպ եվրոպական որոշ հուշարձանների համար, օրինակ, Օռլեանի մոտ գտնվող Ջեղմիյնի-դե-Պղես եկեղեցին․   

Շիրակավան

890թ․ Սմբատ I Բագրատունի արքան իր մայրաքաղաք է դարձնում Շիրակավանը, Շիրակ գավառում։ Արքան կառուցում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, որտեղ նա թագադրվում է։ Եկեղեցու ճարտարապետություն հիմքը չորս սյուների վար հենված գմբեթավոր սենյակների մոդելն է, որը Միջին դարերի առաջին տարիներին ծնունդ առած ճարտարապետության առանձնահատկություններից է։ Շիրակավանը XI դարում ավերվել է սելջուկների կողմից, և վերականգնվել միայն  XII դարի երկրորդ կեսին։


Կարս

Կարսի հզորացումն ու բարգավաճումն ուղղակիորեն կապված է Բագրատունյաց արքայատոհմի հաստատման հետ։ Աշոտ Երկաթի մահից հետո, Աբասը թագադրվեց Հայոց թագավոր և մայրաքաղաքը տեղափոխեց Կարս վերջինիս զբաղեցրած բարենպաստ դիրքի համար՝ 1800 մ․ բարձրություն ծովի մակարդակից, Կարս գետի ափին գտնվելու հանգամանք։ Աբասը ավելի ամրացրեց միջնաբերդը և կառուցեց Սուրբ Առաքյալների եկեղեցին։ Կարսը պահպանեց մայրաքաղաքի իր կարգավիճակը մինչև Աբասի մահը։

Անի

Անին, որը կոչում են նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», լինելով Հայաստանի մայրաքաղաքը 961-1045թթ․, բացառիկ դեր ունի Հայոց պատմության մեջ։ 961թ․ Աշոտ III Ողորմած արքան դնում է Անիի պարիսպների հիմքերը, վերակառուցում է միջնաբերդը և կառուցում է արքունի պալատը։ 992թ․ կաթողիկոսի նստավայրի հաստատմամբ, Անին արագորեն զարգանում է և մեծանում։ Գագիկ արքայի խաղաղ կառավարման տարիներին, Անին զարգացման նոր խթան է ստանում։ Հենց այս շրջանում են կառուցվում նշանավոր եկեղեցիները։ Այդ ժամանակ քաղաքը ուներ 100 000 բնակիչ։ Անիի ճարտարապետական պատկերը գլխավորապես առանձնանում է իր բազմաթիվ եկեղեցիներով և տաճարներով, ինչպես նաև հսկա պարիսպներով։

Երևան

Երևանը, որը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է 1918թ․-ից և աշխարհի հնագույն քաղաքներից է։ Ք․ա․ 782թ․ Ուրարտուի Արգիշտի I արքան հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Երևան քաղաքը կառուցվել է ռազմական ամրոցի մոդելով՝ ուրարտական Էրեբունիի ավերակների վրա։ Տարիների ընթացքում, մայրաքաղաքը վերափոխվել է կարևոր զբոսաշրջային կենտրոնի իր բազմաթիվ հուշարձանների, իր գիշերային կյանքի, թանգարանների ու պատկերասրահների շնորհիվ։

 

   Հայաստանի վարդագույն մայրաքաղաքի` Երևանի նախորդները