Մամուլի ազատության միջազգային օր․ Միկաել Ժանը վերստին կոչ է անում խստորեն հարգել ժողովրդավարության այս կարևորագույն սկզբունքը
03.05.2018

Մայիսի 3-ին, Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը վերստին կոչ է անում խստորեն հարգել ժողովրդավարության այս կարևորագույն սկզբունքը։

«Քանի դեռ մեր հասարակությունները ստիպված են անցնել բազմաթիվ ճգնաժամերի միջով եւ բախվել  նոր մարտահրավերների, մամուլի ազատությանը սպառնացող վտանգներն ու հարձակումները ավելի հաճախադեպ են դառնում։ Եկե՛ք ողջունենք այն լրագրողներին, ովքեր  խիզախորեն գնում են փաստերի հետևից, երբեմն իրենց մեծ վտանգի ենթարկելով, զինված են լրագրողական բարձր էթիկայով եւ այնքան վճռականությամբ, որ կարողանան տեսնել, լսել եւ հասկանալ փաստերը»։ - հայտարարեց Գլխավոր քարտուղարը։

Մտահոգություն հայտնելով ինչպես ֆրանկոֆոն տարածությունում, այնպես էլ ողջ աշխարհում մամուլի ազատության մակարդակի անկման վերաբերյալ՝ Միկաել Ժանը կարևոր համարեց հիշեցնել 2016 նոյեմբերին Անտանանարիվոյում կայացած Ֆրանկոֆոնիայի XVI գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների ստանձնած պարտավորությունների մասին, այն են «երաշխավորել խոսքի ազատությունը, լրագրողների անվտանգությունն ու արդյունավետ պաշտպանությունը, մամուլի ազատությունը, լրատվամիջոցների կարգավորման անկախ մեխանիզմների զարգացումը, շեշտը դնելով հատկապես մասնագիտական էթիկայի (դեոնտոլոգիա) վրա»։

Անհրաժեշտություն կա ֆրանկոֆոն տարածությունում լրագրողական մասնագիտության շուրջ ստեղծված իրավիճակին գնահատական տալու, և 2018թ․ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը  (ՖՄԿ) կհատարակի մամուլի ազատության վերաբերյալ հատուկ զեկույց, որը կկազմվի Հերվե Բուրժի նախագահությամբ գործող առաջատար մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից։ Այդ զեկույցը հնարավորություն կտա ճշգրտորեն մատնանշել մամուլի ազատության առջև ծառացած խնդիրների էվոլյուցիան, ինչպես նաև ՖՄԿ-ի անդամ երկրներում լրատվամիջոցների զարգացման մակարդակը։

«Մենք պետք է ամբողջապես գիտակցենք խնդրի կարևորությունը ՖՄԿ անդամ բոլոր երկրներում, քանի որ մամուլի ազատության նկատմամբ ոտնձգությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների և բոլոր տեսակի ազատությունների անկման կարևոր ցուցիչներից  են»։- հավելեց Միկաել Ժանը։

 

   Մամուլի ազատության միջազգային օր․ Միկաել Ժանը վերստին կոչ է անում խստորեն հարգել ժողովրդավարության այս կարևորագույն սկզբունքը