«Ազատ միասին» քաղաքացիական շարժումը Տանժերում նշում է իր երկամյա տարեդարձը
11.03.2018

2016թ. մարտի 10-ին ֆրանկոֆոն երիտասարդները հիմք դրեցին «Ազատ միասին» նախաձեռնությանը, մի քաղաքացիական շարժման, որը խթանում է  խաղաղությունը և փոխադարձ հարգանքը որպես անքակտելի իրավունքներ, բազմազանությունը՝ որպես հարստություն, համերաշխությունը՝ որպես անհետադարձ ընտրություն: Երկու տարի անց՝ Մարոկկոյի Տանժեր քաղաքում, բազմաթիվ միջոցառումների անցկացմամբ նշվում է այս տարեդարձը:

2016թ. մարտի 10-ին, ֆրանկոֆոն տարածության մեջ տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումներից հետո, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միքայել Ժանի կողմից մեկնարկած «Ազատ միասին» նախաձեռնության նպատակը երիտասարդների խոսքն ատելության կոչերի դեմ լսելի դարձնելն է:

Ըստ Միքայել Ժանի, «ատելություն հրահրողների» դաժանությունների կոչերին հակազդելը, հատկապես առցանց տիրույթում, երկարատև պայքար է, որը ներկայումս մղվում է ՖՄԿ-ի և Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների երիտասարդ դասընթացավարների կողմից: «Դա էր պատճառը, որ  շարժումը սկսվեց սոցիալական ցանցերից, քանի որ ատելության կոչերի տարածման հիմնական ուղիները դրանք են»,- նշում է ՖՄԿ-ում ծրագրի պատասխանատու Ֆաթիմա Աուիդան: Այս շաբաթ, Տանժերի ֆրանսիական ինստիտուտում նա վարում էր երիտասարդների համար գործնական տեղեկատվական պարապմունքներ, դասընթացներ, նպատակ ունենալով խթանել նրանց մտածելու և իրենց կարծիքը կիսելու  կարողությունները համացանցում տարածված ատելության և դաժանության մակարդակի վերաբերյալ: Օրվա ընթացքում քննարկվել են ահաբեկչությունը, ռասիզմը, կրոնը, միգրացիան, դավադրության տեսությունը, հոմոֆոբիան և բազմաթիվ այլ թեմաներ:

Խաղաղ զենքեր, բռնության կոչերի դեմ պայքարելու համար

«Ազատ միասին»  շարժման նպատակն  ատելությանը պատասխան տալու համար անհրաժեշտ միջոցներ գտնելն է: «Պետք է երիտասարդներին տալ  պատասխանելու ընդունակություններ, խթանել նրանց հակադարձելու կարողությունները՝ առանց նրանց պատրաստի գաղափարներ տալու»,- շարունակում է Ֆաթիման: Դրան հասնելու և  տարբեր մանկավարժական գործիքներ մշակելու նպատակով ՖՄԿ-ը համագործակցում է այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին է, օրինակ, Երիտասարդության միջազգային բյուրոն: Հարգանքը, համերաշխությունը և ազատությունը նախագծի առանցքային թեմաներն են «քանի որ այս երեքի միասնությունը ընդհանուր ֆրանկոֆոն տարածության մեջ ստեղծում է մի ներդաշնակ ամբողջություն  և տեղավորվում է համամարդկային մարդասիրության շրջանակներում»:

«Ազատ միասին» շարժումը, այսպիսով, սոցիալական ցանցերում առաջարկվող և հստակ թեմաների շուրջ արտահայտվելու հնարավորություն տվող հարթակների միասնություն է, ինչը դրսևորվում է բազմաթիվ նախաձեռնությունների տեսքով: Որպես օրինակ կարելի է նշել բազմաթիվ առիթներով մի շարք քաղաքներում և հատկապես Ֆրանկոֆոնիայի խաղերի ընթացքում Կոտ դ'Իվուարում կազմակերպված «Ազատ միասին» քարավանները:

«Ազատ միասին» նախաձեռնությունը՝  Աֆրիկայի դարպաս Տանժերում

Այն նաև Հերմիոն հածանավի՝ Ատլանտյան օվկիանոսից Միջերկրական ծով անցնելու ճանապարհն է: Այսօր միջերկրածովյան տարածաշրջանը ընկալվում է որպես բախումների և միգրացիոն, քաղաքական,  անվտանգային ճգնաժամերով համակված տարածություն: Ուստի նավ են բարձրացել մոտ երեսուն երկրներ ներկայացնող երիտասարդներ, ովքեր իրենց ճանապարհորդության ու նավահանգստային կանգառների ընթացքում   փորձի փոխանակման հնարավորություններ և կապեր ստեղծելով կարևոր մարդասիրական ու խաղաղասիրական ուղերձ են հղում աշխարհին: «Երիտասարդներին հավատալու պատճառներ տալը, նրանց համար հնարավորություններ ստեղծելը և որակյալ կրթության ու ուսուցման համընդհանուր հասանելիությունը երաշխավորելը մեր առաջնային պարտավորություններն են»,-հայտարարում է ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարը:

Տանժերում մարտի 10-ի ողջ օրն անցավ  «Ազատ միասին» նախաձեռնության ոգով: Բացի կրթական դասընթացներից, կազմակերպվել էր նաև երիտասարդ ծրագրավորողների նորարարական մրցույթ: Այս նորարարական մրցույթ-մարաթոնը նպատակ ունի «ստեղծագործական հարթակներ ստեղծելով բարձրացնել երիտասարդ ֆրանկոֆոնների ստեղծագործական կարողությունները, որոնք պետք է օգտակար լինեն նրանց հասարակությունների համար»,-մանրամասնում է թվային նորարարության ֆրանկոֆոն պատասխանատու Արամ Դիոպը: Այս շաբաթ երիտասարդ մարոկկացիների հոգում եռում էր  էներիգիան՝ թափոնների վերամշակման թեմայով լավագույն թվային տնտեսության ծրագիրը գտնելու նպատակով:

Իսկապես հոյակապ է այստեղ գտնվել՝ ձեր էներգիայով լիանալու հնարավորություն ունենալով,- ասաց Միքայել Ժանը «Ազատ միասին» նախաձեռնության տարեդարձի տորթի շուրջ հավաքված երիտասարդներին,-քանի որ Ֆրանկոֆոնիան առաջնորդվում է ձեր էներգիայով՝ միասին ստեղծելու, նորարարություններ անելու, մտածելու և գործելու համար:  Սա է «Ազատ միասին» շարժման էությունը: Անկասկած, մենք ավելի ուժեղ ենք միասին այն մարտահրավերների դեմ լուծումներ գտնելու համար, որոնց բախվում է մեր աշխարհը՝ անվտանգություն, զարգացում, տնտեսական աճ, կլիմա և այլն: Ֆրանկոֆոնիան միասին մտածելու և գործելու արվեստն է»:

Շաբաթ երեկոյան, «Ծիծաղել  միասին» ներկայացման շնորհիվ ճաշացանկում հումորն ու խոսքի ազատությունն էին: Ներկայացումը ՖՄԿ-ի ու «Ծիծաղի Մարաքեշ» փառատոնի միջև 2017թ. ձեռք բերված համագործակցության արդյունք է: Երկու ժամ շարունակ, դեռևս նախօրեին «նվաճված» դահլիճում, մարոկկացի երգիծաբանները ոչ առանց հեգնանքի շոշափում էին «Ազատ միասին» շարժմանը հուզող այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռասիզմը, կրոնը, ահաբեկչությունը և այլն:

Հաջողություն, որը պետք է շարունակական լինի

Իր մեկնարկից երկու տարի անց,   սոցիալական ցանցերի օգնությամբ, հատկապես նախաձեռնության  մեկնարկի ֆեյսբուքյան տեսահոլովակի, ինչպես նաև երիտասարդների կողմից նկարահանվող և հատուկ այդ նպատակով ստեղծված հարթակում հրապարակվող տեսանյութերի միջոցով «Ազատ միասին»-ը արդեն հասանելի է ավելի քան երկու միլիոն երիտասարդների համար: Բայց նախագիծը դեռևս չի ավարտվել, քանի որ վաղվա աշխարհը կառուցելու համար երիտասարդները, ավելի քան երբևէ, պետք է առաջ շարժվեն՝ տարածելով համերաշխության, ազատության, բազմազանության, և հարգանքի արժեքները :

«Ազատ միասին» շարժման հաջորդ փուլը կլինի «Միասին ապրելու ֆրանկոֆոն պակտը», որը կընդունվի Երևանի գագաթաժողովի ընթացքում, 2018թ. հոկտեմբերին: Այդ նպատակով Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի  կապակցությամբ, համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով կանցկացվի երիտասարդների լայնածավալ խորհրդատվություն:

   «Ազատ միասին» քաղաքացիական շարժումը Տանժերում նշում է իր երկամյա տարեդարձը