Ֆրանկոֆոնիայի հաջորդ նախարարական կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և 26-ին Փարիզում
24.10.2017

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ընդունում է Տոգոյի իշխանությունների` Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը Լոմեում չհյուրընկալելու վերաբերյալ որոշումը: Նախարարական համաժողովը Լոմեում անցկացնելու որոշումը ընդունվել էր 2016 թվականի մայիսին Անտանանարիվոյում (Մադագասկար) տեղի ունեցած 16-րդ գագաթաժողովի ժամանակ:  «Ես ընդունում եմ Տոգոյի իշխանությունների կողմից մեծ ափսոսանքով ընդունված այս որոշումը: Տոգոն մեծ աշխատանք էր կատարել և պատրաստվում էր այս կարևոր հանդիպման շրջանակներում հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 84 պետությունների և կառավարությունների պատվիրակություններին: Հուսով եմ` այս երկիրը և բնակչությունը հնարավորինս շուտ կվերադառնան խաղաղության մթնոլորտ, մեզ հատկապես դա է մտահոգում»,- նշել է Միկայել Ժանը:

Համաձայն Ֆրանկոֆոնիայի ինստիտուցիոնալ դրույթների` Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ, Մադագասկարի արտաքին գործերի նախարար Հենրի Ռամարի Նժական ՖՄԿ գլխավոր քարտուղարի հետ համատեղ որոշում են կայացրել համաժողովն անցկացնել Փարիզում նույն օրերին` 2017թ. նոյեմբերի 25-ին և 26-ին, և Տոգոյի կողմից առաջարկված թեմայի շուրջ՝ «Նոր տնտեսություններ. կապույտ տնտեսություն, կանաչ տնտեսություն, հարստության ստեղծման նոր ուղիներ, սոցիալական ներգրավվածություն և կայուն զարգացում»:

Մի քանի շաբաթ շարունակ գլխավոր քարտուղարը կապի մեջ է եղել Տոգոյի բարձրագույն իշխանությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ: Նա նաև մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական գործիչների և քաղաքացիական հասարակության կողմից արտահայտած  մտահոգություններին: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ջանք չի խնայի աջակցելու համար ՖՄԿ անդամ երկրին ընդգրկուն երկխոսության միջոցով խաղաղության և անվտանգության մթնոլորտի հաստատման գործում: Դա այն է, ինչի կարիքն ունի Տոգոն և ողջ Ֆրանկոֆոնիան»,- հավելել է գլխավոր քարտուղարը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ընդգրկված է 58 լիիրավ և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն:

   Ֆրանկոֆոնիայի հաջորդ նախարարական կոնֆերանսը տեղի կունենա նոյեմբերի 25-ին և 26-ին Փարիզում