ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ
06.04.2018

Ապրիլի 6-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը ԵՊՀ երիտասարդ միջազգայնագետների ակումբի հրավերով հանդիպեց Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպումը կրում էր <<Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և առաջնահերթությունները>> խորագիրը։

Հանդիպումը սկսվեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի ողջույնի խոսքով։ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանը շնորհակալություն հայտնեց ԱԳՆ գլխավոր քարտուղարին   ԵՊՀ երիտասարդ միջազգայնագետների ակումբի հրավերը ընդունելու համար։ Նա նշեց, որ շատ կարևոր է ուսանողների շրջանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրազեկումը, քանի որ ներկաներից շատերը ցանկություն ունեն իրենց ավանդն ունենալ գագաթաժողովի կազմակերպման և հաջող կայացման գործում։

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը նշեց, որ ուսանողների մեծ հետաքրքրությունը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայի նկատմամբ փաստում է հայ երիտասարդների համար ֆրանկոֆոն արժեքների, ֆրանկոֆոնիայի կարևորության մասին։

Շահեն Ավագյանը ուսանողներին ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծման նախապատմությունը, մինչ միջազգային կազմակերպության հիմնադրումը ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիայի անցած ուղին։ Նա նշեց, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ՖՄԿ-ի գերագույն ատյանն է։ Հաջորդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի ընտրությունը նույնպես կատարվում է գագաթաժողովների ընթացքում՝ անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների միաձայն որոշմամբ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանի ընտրությունը որպես Ֆրնակոոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր անդամ երկրների և կառավարությունների ղեկավարների կողմից ի նպաստ Ֆրանկոֆոնիայի Հայաստանի ակտիվ գործունեության ճանաչումն է։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց բուն գագաթնաժողովի և հարակից այլ միջոցառումների վերաբերյալ մանրամասներ։ Շահեն Ավագյանը նշեց, որ գագաթաժողովի օրերին Երևանի կենտրոնում կբացվի Ֆրանկոֆոն Ավան։ Ավանը հնարավորություն կտա երիտասարդներին և բոլոր հետաքրքրվածներին ծանոթանալ Ֆրանկոֆոն տարածության տարբեր երկրների մշակույթներին։

Շահեն Ավագյանը խոսեց նաև Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի մասին, որը տեղի կունենա գագաթաժողովի օրերին Ծաղկաձորում։ Նա ընդգծեց, որ Ֆորումի նպատակն է ստեղծել ֆրանկոֆոն ձեռներեցների մի ցանց՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը նպաստելու համար։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը ուսանողներին տեղեկացրեց, որ գագաթաժողովի ընթացքում համաշխարհային ֆրանկոֆոն աստղերի մասնակցությամբ տեղի կունենա գալա համերգ։ Այն բաց կլինի բոլոր ցանկացողների համար։

Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան ԱԳՆ գլխավոր քարտուղարին ուղղելու Ֆրանկոֆոնիայի, գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՖՄԿ-ի շրջանակներում Հայաստանի և այլ երկրների երկկողմ հարաբերությունների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։

 

   ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողների հետ