Ֆրանսերեն լեզուն հայոց պատմության մեջ։ Կիլիկիայի հայկական թագավորություն
14.06.2018

Կիլիկիան, որն այլ կերպ անվանում են նաև Փոքր Հայաստան (XII-XIVդդ.), հայկական թագավորություն էր, որն ընդունել էր առաջին խաչակրաց արշավանքները և թույլատրել էր ֆրանկ իշխաններին ամուսնանալ իր արքայադուստրերի հետ։ Այդ ամուսնությունները դրել էին ֆրանկ-հայկական արքայական դինաստիայի հիմքերը, որի վերջին թագավորը Լևոն V  Լուսինյանն էր (ծագումով Պուատու քաղաքից)։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև այս հին կապերի առկայությունը մասնակիորեն բացատրվում է նրանց ազգային և կրոնական ինքնությունների նմանությամբ։ Այդ ժամանակ հայ արքաները հավասարապես գործածում էին և՛ ֆրանսերենը, և՛ հայերենը։ Ֆրանսերենը համարվում էր արքայական լեզու և օգտագործվում էր պետական գրագրության մեջ։ Այս ֆրանկ-հայկական թագավորության երեքդարյա գոյության ընթացքում ստեղծվեց ֆրանսասիրության ամուր հող, որը հետագայում վերածվեց ամուր արմատներ ունեցող ֆրանկոֆոնիայի։

Կիլիկիայի թագավորության կործանմանը հաջորդած տարիները բարդագույներից էին հայոց պատմության մեջ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զրկված լինելով սեփական պետությունից հայ ժողովուրդը ստիպված էր ապաստան գտնել ուրիշ երկրներում, հայկական ինքնության պահպանումն իսկական մարտահրավեր էր։ Չնայած այս ամենին, հայ ժողովուրդը արժանապատվորեն պատրաստ էր պահպանել իր ազգային ինքնությունն ու մշակույթը, որոնց մի մասն էր արդեն ֆրանկոֆոն արժեհամակարգը։

Պատերազմները և տեղահանությունները հաջորդում էին իրար, բայց հայ ժողովուրդը  պահապանում էր իր ինքնությունը և վերջինից բխող արժեքները։ Այս նույն արժեքները տարիներ, նույնիսկ դարեր անց Հայաստանին պիտի կապեին մի ընտանիքի հետ, որը ամբողջությամբ կիսում էր Հայաստանի գաղափարական մոտեցումները։ 2004թ․ Հայաստանը միացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեծ ընտանիքին ու ստանձնեց ֆրանսերեն լեզուն ու ֆրանկոֆոն արժեքները տարածելու հանձնառություն։

   Ֆրանսերեն լեզուն հայոց պատմության մեջ։ Կիլիկիայի հայկական թագավորություն