Ռուանդան Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է գործարար միջավայրում իր հնարավորությունները
07.10.2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանի իր տաղավարում Ռուանդան ներկայացնում է գործարար միջավայրի իր հնարավորությունները, ներդրումների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տաղավարը ներկայացրեց Ռուանդայի զարգացման խորհրդի ներկայացուցիչ Ժոյուզ Ուվինգինեյը:

«Մեր կազմակերպությունը կառավարական մարմին է։ Մենք այստեղ են ներկայացնելու Ռուանդայի ներդրումների հնարավորությունները, նաև՝ թե ինչ կարող են անել մարդիկ, երբ գան մեր երկիր: Ռուանդան Աֆրիկայում բիզնեսի առումով երկրորդ երկիրն է: Մենք երկրորդն ենք մեր քաղաքականության շնորհիվ, բաց ենք, յուրքանչյուրը կարող է գալ մեր երկիր առանց վիզայի: Բիզնեսի համար նպաստավոր և գրավիչ պայմաններ ունենք»,-ասաց Ժոյուզ Ուվինգինեյը:

Նա նշեց՝ փորձում են իրենց հնարավորություններն ընդարձակել և ներկայացնել Ասիայում,  Աֆրիկայում։ Իրենք փորձում են հանդիպել, բիզնես կապեր հաստատել այլ երկրների հետ, այնպես անել, որ իրենց երկիր այցելողներն իրենց հնարավորինս հարմարավետ զգան: Ստեղծել են դյուրին հնարավորություններ՝ Ռուանդայում բիզնես հիմնելու, ներդրումներ անելու համար:

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է  ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները: Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:

   Ռուանդան Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայացնում է գործարար միջավայրում իր հնարավորությունները