Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ հանդիպման ընթացքում
20.12.2017

Հարգելի պարոնա՛յք նախագահներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք պատգամավորներ,
Սիրելի ընկերներ,

Շատ ուրախ եմ այսօր ձեզ հետ լինելու համար, շրջապատված հին ու նոր ընկերներով, երկար տարիների իմ  անձնական և Հայաստանի բարեկամներով, ովքեր հավաքվել են միևնույն՝ հայ-ֆրանսիական աշխարհիկ ավանդույթներով հարուստ բարեկամական կապերն ամրացնելու և խթանելու ցանկության շուրջ։

Ես կապված եմ հայ-ֆրանսիական այդ բարեկամությանը ոչ միայն նրա համար, որ Հայաստանի ցանկացած արտաքին գործերի նախարարի համար Ֆրանսիան եղել է ու կլինի շատ կարևոր բարեկամ երկիր, այլ նաև այն պատճառով, որ Փարիզում ՀՀ դեսպանի կարգավիճակով պատիվ եմ ունեցել  և իմ կյանքից մեկ տասնամյակ հաճույքով ծառայեցրել եմ այդ բարեկամությունը զարգացնելուն և խորացնելուն։

Այդ բարեկամական ոգով ես կցանկանայի ձեզ հետ կիսել Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ ասպեկտների վերաբերյալ մանրամասներ։

Ես կցանկանայի նախ և առաջ խոսել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումներից։ Եվրամիությունում Ֆրանսիան մեր գլխավոր գործընկերներից է։ Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը զարգացնում է գործընկերային հարաբերություններ նաև այլ ինտեգրացիոն  ձևաչափերում։

Վերջին մի քանի շաբաթները շատ կարևոր են այս առումով: Նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագիր: Այս համաձայնագիրը Հայաստան-ԵՄ համագործակցության եզակի օրինակ չէ։ Վերջին երկու տարիների ընթացքում մենք մեր եվրոպական գործընկերների հետ ուսումնասիրել ենք փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներ, մասնավորապես փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված «COSME» ծրագիրը, նորարարությունների և հետազոտությունների «Հորիզոն 2020» ծրագիրը, «Ստեղծագործ Եվրոպա» մշակութային ծրագիրը, մենք նախաստորագրել ենք միասնական օդային տարածքի և ստորագրել ենք տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ ես թվեցի դրանցից  միայն մի քանիսը։ Մենք սպասում ենք նոր նախաձեռնությունների, մեծ կարևորություն տալով հատկապես վիզայի ազատականացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկին։ Մենք ակնկալում ենք այս հարցում ունենալ մեր ֆրանսիացի գործընկերների, նախ և առաջ պատգամավորների ու սենատորների աջակցությունը։

Եվրոպական միության հետ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը ես կրկին Փարիզում էի, որտեղ Հայաստանը ստանձնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական խորհրդաժողովի  նախագահությունը։ Անկասկած, դուք նաև տեղյակ եք, որ Հայաստանը պատիվ կունենա հյուրընկալելու այս կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների գագաթաժողովը, որը տեղի կունենա 2018թ․ հոկտեմբերին Երևանում։ Գագաթաժողովի թեման կլինի «Ապրել միասին համերաշխությամբ, մարդասիրական արժեքները կիսելով և բազմազանությունը հարգելով, որպես խաղաղության և բարեկեցության հիմք»։ Որպես Ֆրանկոֆոնիային կից փաստաթուղթ կմշակվի «Ապրել միասին» խորագիրը կրող մի ֆրանկոֆոն պակտ։

Գագաթնաժողովի կարևոր իրադարձություններից մեկը, որը մենք ցանկանում ենք կազմակերպել, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն է: Մենք մեծապես կարևորում ենք տնտեսական հարաբերությունների խթանման և բիզնես միջավայրի բարելավման համար ֆրանսախոս գործարարների ինստիտուցիոնալ և մասնագիտական համախմբումը, որը կխորհրդանշի ֆրանսախոս գործարարների եւ գործատուների կազմակերպությունների ցանցի գործարկման սկիզբը:

Կքննարկվեն նաև այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են կայուն զարգացումը, թվային ֆրանկոֆոնիան, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։

Մեկ այլ կազմակերպություն, մեկ այլ հայկական նախագահություն։ Չորս օր առաջ ես մեկնեցի Կիև՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնելու համար։ Հայաստանի նախագահության ընթացքում մենք կներդնենք մեր ողջ ջանքերը, որպեսզի այդ կազմակերպությունը ամբողջապես համապատասխանի ինչպես անդամ, այնպես էլ շահագրգիռ երկրների միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու իր առջև դրված նպատակներին։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգելի՛ ընկերներ,

2015թ․ Հայաստանի նախաձեռնությամբ, Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձև։ Որպես վերջինիս տրամաբանական շարունակությունը, կրկին մեր նախաձեռնությամբ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի  9-ը հռչակեց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր։ 2015թ․-ից ի վեր, դեկտեմբերի 9-ը դարձել է ամուր հարթակ ի ցույց դնելու միջազգային հանրության վճռականությունը ատելության հանցագործությունների դեմ։ Մենք մեր ձայն ենք միացնում բոլոր նրանց ձայներին, ովքեր ջանք չեն խնայում, որպեսզի «այլևս երբեք» սկզբունքը դառնա համընդանուր հանդիսավոր երդում։

Հաջորդ դեկտեմբերի 9-ին, Հիշատակի միջազգային օրը ավելի մեծ կարևորություն կունենա, քանի որ համընկնում է Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակի հետ։ Այս առիթով Հայաստանը կհյուրընկալի Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի երրորդ միջազգային Ֆորումը։

70 տարի է անցել Կոնվենցիայի ընդունումից, բայց աշխարհը դեռևս ապահով չէ։ Այն ինչ կատարվում է մեր աչքերի առաջ Մերձավոր Արևելքում, հատկապես կրոնական և էթնիկ խմբերի դեմ ինքությամբ պայմանավորված հանցագործությունները պարզորեն ի ցույց են դնում Կոնվենցիայի կարևորությունը։

Մերձավոր Արևելքում տեղ գտած դաժանությունները չեն շրջանցել նաև հայերին, ովքեր դարեր շարունակ կազմել են տարածաշրջանի բազմակրոն և բազմամշակութային խճանկարի մի մասը։ Սիրիայում ավերվել են հայկական շինությունները, եկեղեցիները, դպրոցներն ու եկեղեցիները, մշակութային հաստատությունները։ Մեր շատ հայրենակիցներ կորցրեցին իրենց կյանքը, մյուսները ստիպված եղան փախչել։ Հայաստանը Սիրիայից ընդունել է ավելի քան քսաներկու հազար փախստականներ, ինչը Հայաստանը դարձնում է Եվրոպայում բնակչության թվի համեմատ երրորդ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը։ Մենք փորձել ենք նաև օգնության ձեռք մեկնել բոլոր նրանց ովքեր ունեին դրա կարիքը՝ շարունակաբար նրանց ուղարկելով մարդասիրական օգնություն։

Տիկնա՛յք և Պարոնա՛յք,

Վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները ձեզ նույնպես հետաքրքրում են։ Ինչպես գիտեք, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, ինչ արդյունքում էլ 2009թ․ հոկտեմբերին ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները։ Սակայն, Թուրքիան առ այսօր հրաժարվում է դրանք վավերացնել։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախագահ Սարգսյանի նախաձեռնության հիմքում ընկած էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման  հայտնի մոտեցումը։ Փոխադարձ այսպիսի համաձայնության հիմքի վրա մենք սկսեցինք բանակցել թուրքական կողմի հետ և ստորագրեցինք համաձայնագրերը։

Համաձայնագրերը ստորագրելուց անմիջապես հետո Անկարան հետքայլ կատարեց։  Թուքիան կրկին սկսեց խոսել նախապայմանների լեզվով, ինչպես դա անում էր գործընթացը սկվելուց առաջ։

Մի քանի օր առաջ, դեկտեմբերի 14-ին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մի հայտարարություն արեց, որը 2009թ․ Ցյուրիխյան արձանագրությունների տառի ու ոգու խեղաթյուրման մեկ այլ վառ օրինակ է։ Անկարան չի վարանում նորից առաջ քաշել իր նախապայմանները՝ կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը գործընթացը ի օգուտ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։ Բոլորին է հայտնի, որ արձանագրություններում բառ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իր  հայտարարության մեջ պնդում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը բարոյապես ու իրավաբանորեն ճիշտ չեն լինի և վատ տրամադրվածություն կառաջացնեն։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականություն է քարոզում Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ուրուգվայում, Բելգիայում, Հունաստանում և տասնյակ այլ երկրներում, որոնք ճանաչել են հայերի ցեղասպանությունը։

Զավեշտալի է, որ  խոսքի ազատության սահմանափակումներով աշխարհում ամենահայտնի երկրներից մեկը՝ Թուրքիան, փորձում է արդարացնել ցեղասպանության ժխտումը խոսքի ազատության իրավունքով:

Բոլորն էլ գիտեն, որ գնդակը թուրքական խաղադաշտում է, և, որ Հայաստանն արել է ամեն հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։

Այդ իրականությունը ընդունելու Անկարայի անկարողությունը ամբողջ աշխարհում ստեղծում է մի զգացողություն, որ Թուրքիան ու միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով։

Ակնհայտ է, որ նույնիսկ այսօր, Արձանագրությունների ստորագրումից ութ տարի անց, Անկարան դեռևս պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները։

Հենց այս պատճառով է, որ ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում հայտարարեց, որ Արձանագրությունների իրականցման զրոյական առաջընթացի շարունակական պայմաններում 2018թ․ գարնանը Հայաստանը առ ոչինչ կհամարի այդ Արձանագրությունները։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեկնաբանության կարիք չունի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է։

Նախորդ շաբաթ, ԵԱՀԿ նախարարական խորհրդում, միջնորդ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների ղեկավարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ մի նոր հայտարարությամբ։

Հայաստանը պատրաստակամ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և, որպես արդյունք, մենք չկարողացանք հասնել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահ երկրների համատեղ հայտարարության։ Այս իրավիճակը տարիներ շարունակ կրկնվում է ԵԱՀԿ նախարարական խորհրդում։

Համանախագահների հայտարարությունը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում ընկած հիմնական երեք սկզբունքները, որոնք են ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի չդիմելու, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Այս սկզբունքները մշակվել են որպես հակամարտության կարգավորման տարրերի հետ անքակտելի ամբողջություն։

Հայաստանը շարունակում է վերահաստատել իր պատրաստակամությունը շարունակելու  բանակցություններն այս սկզբունքների ու տարրերի հիման վրա հակամարտությանը բացառապես խաղաղ լուծում տալու համար։ Ադրբեջանը անում է հակառակը։

Տևական ժամանակ է, ինչ Հայաստանը  աջակցում է համանախագահների առաջարկություններին շփման գծում լարվածությունը թուլացնելու նպատակով հավելյալ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Այդ միջոցները առաջ են քաշվել և համաձայնեցվել 2016թ․ Սանկտ-Պետերբուրգի և Վիեննայի գագաթաժողովների ժամանակ։ Դրանք են  1994-1995թթ․ զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի հարգումը, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննությունների մեխանիզմների հաստատումը, տեղում ԵԱՀԿ վերահսկողության առաքելության լիազորությունների ընդլայնումը։ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել բոլոր այս միջոցները։

Համանախագահները վերահաստատել են միջնորդական գործունեություն ծավալելու իրենց պատրաստակամությունը կողմերին առաջարկված աշխատանքային առաջարկությունների հարցում փոխզիջման հասնելու նպատակով։ Այս առաջարկությունները քաջ հայտնի են և արտացոլված են 2009թ․-ից ի վեր համախագահ երկրների նախագահների կողմից արված հինգ հայտարարությունների մեջ։ Այս առաջարկությունների առանցքում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական հստակեցնում է վերջինիս բնակչության պարտադիր իրավական կամաարտահայտման միջոցով։

Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի նվիրվածությունը համանախագահների առաջարկությունների հիման վրա խնդրի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին։ Բանակցությունների գործընթացը այլընտրանք չունի։

Ակնհայտ է, որ այն ինչ առաջարկվել է համանախագահների կողմից և աջակցություն է գտել Հայաստանի կողմից, Ադրբեջանը մերժում է, և սա է խաղաղության գործընթացի դանդաղեցման հիմնական պատճառը։

Եթե Բաքուն հարգի համանախագահների հրադադարը խստորեն հարգելու կոչերը, իրականացնի նախկինում կնքված համաձայնագրի դրույթները, վերահստատի իր հավատարմությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտությունների կարգավորման սկզբունքներին ու կառուցողական մասնակցություն ունենա բանակցություններին, նոր հեռանկար կբացվի խաղաղության գործընթացի համար։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ ընկերներ,

Ահա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նորությունները, որոնք, հուսով եմ, օգտակար կլինեն հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացնելու ձեր պատվաբեր առաքելության համար, հարաբերություններ, որոնք  կապված են անցյալում, հաստատված են ներկայով, և ուղղված են դեպի ապագան, որը հույս ունենք բարգավաճ կլինի բոլորիս համար։

Շնորհակալություն։

 
   Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների հետ հանդիպման ընթացքում