ՖՄԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պարոն Քրիստիան Տեր-Ստեփանյանի հարցազրույցը Lepetitjournal.com պարբերականին
27.02.2018

Այս տարի, Երևանը և ամբողջ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը:  Մի քանի հազար հյուրեր են սպասվում, որոնց շարքում են Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 84 անդամ և դիտորդ երկրների և կառավարությունների ղեկավարները: Մենք հնարավորություն ունեցանք մի քանի բառ փոխանակել ՖՄԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պարոն Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ նախապատրաստական աշխատանքների, սպասվող մարտահրավերների և հատկապես այս բացառիկ իրադարձության առաջ բերած ոգևորության  վերաբերյալ:

Նախ և առաջ, շնորհավորում եմ Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ: Ինչպե՞ս այդ նորությունն ընդունվեց Հայաստանում:

Ֆրանկոֆոնիայի պետությունների ու կառավարությունների ղեկավարների կողմից Հայաստանի ընտրությունը որպես Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովը հյուրընկալող երկիր հպարտությամբ ընդունվեց Հայաստանում:

Հայաստանի ընտրությունը համերաշխության, Ֆրանկոֆոնիային ծառայելու հարցում նրա նվիրվածության, նրա արժեքների, մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի տարածման համար ծավալած նրա գործունեության ճանաչման մասին փաստող նշան էր:

Եվ վերջապես, 2015թ. հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած  Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական խորhրդաժողովի հաջողությունից հետո ընդունված այդ որոշումը ընկալվեց որպես Հայաստանի կողմից միջազգային մակարդակի մեծ միջոցառումներ կազմակերպելու կարողության նկատմամբ տածած վստահության վկայություն:

Ի՞նչ նշանակությունի ունի Ֆրանկոֆոնիան և հատկապես այս գագաթաժողովը Հայաստանի համար:

Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար համագործակցության, երկխոսության և փոխանակումների լայն դաշտ է: Այն մարմնավորում է նաև հանդուրժողականության և համերաշխության մի տարածություն, որը հարուստ է իր մշակութային ու լեզվական բազմազանությամբ, և իր առաջնահերթությունների շարքում է դրել  կրթությունը, անհավասար զարգացվածության և բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարը:

Քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող Հայաստանը կարևորում է մշակույթների միջև երկխոսության հարցում Ֆրանկոֆոնիայի ստանձնած դերը, միասին ապրելու գործին նվիրվելու նրա կարողությունը: Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցությունն ի սկզբանե դիտարկվեց որպես աշխարհին բացվելու և նոր համագործակցություններ հաստատելու հնարավորություն այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակը այնքան էլ բարձր չէր:

Գործնականում Հայաստանն օգտագործում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությունը մի շարք, հատկապես աֆրիկյան երկրների հետ իր գործընկերային հարաբերությունները զարգացնելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ֆրանկոֆոն հանդիպումների շրջանակներում հնարավորություն է ունեցել հանդիպելու Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների իր գործընկերներից շատերի հետ, ստորագրել է  10-ից ավելի հուշագիր և համագործակցության համաձայնագրեր:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը Ֆրանկոֆոնիայի բարձրագույն ատյանն է: Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 84 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարներին Հայաստանում միավորելն ինքնին բացառիկ երևույթ է: Նրանց կողմից այնպիսի կարևոր թեմաների քննարկումը ինչպիսիք են միասին ապրելը, կայուն զարգացումը  և տարածաշրջանային ու միջազգային մեծ մարտահրավերներին վերաբերվող հարցերը, այս Կոնֆերանսը կդարձնեն առաջնային կարևորություն ունեցող միջազգային ֆորում:

Ինչպե՞ս է տեղի ունեցել գագաթաժողովի թեմայի ընտրությունը, այն է «Ապրել միասին՝ հանդուրժողականությամբ, մարդասիրակական արժեքները կիսելով և բազմազանությունը հարգելով.  խաղաղության և բարգավաճման աղբյուր ֆրանկոֆոն տարածության համար»:

Միասին ապրելու թեման արդի թեմա է: Թեման ընտրվել է հաշվի առնելով ֆրանկոֆոն տարածության մեջ, ես կասեի նույնիսկ միջազգային ասպարեզում, գերակայող համատեքստը: Մենք իսկապես համոզված ենք, որ մեզ բոլորիս բնորոշ մարդասիրական արժեքներով «Միասին ապրելը» կարող է նպաստել մեր հասարակությունների միասնականության ամրապնդմանը և ֆրանկոֆոն տարածությանը կարող է բերել խաղաղություն և բարգավաճում:

«Միասին ապրել» հասկացությունը, նախ և առաջ, հիմնվում է այն բոլոր արժեքների ամբողջության վրա, որոնք մենք կիսում ենք: Այդ համամարդկային արժեքներն են խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգումը, Ֆրանկոֆոնիայի մշտական բաղկացուցիչ մշակութային բազմազանությունը, որոնք պայամանավորում են մեր հասարակություններից յուրաքանչյուրի գոյությունը, և  որոնց շուրջ ամրապնդվում է նրանց միասնությունը:

Ֆրանկոֆոնիայում «Միասին ապրելը» վերաբերում է նաև ֆրանկոֆոն տարածության տարբեր շրջանների միջև հարաբերություններին, որոնք հիմնված են համերաշխության սկզբունքի վրա: «Միասին ապրելը» ենթադրում է նաև համերաշխ մոտեցում ֆրանկոֆոն տարածությունում հանդիպող խնդիրներին:

Գագաթաժողովը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ գագաթաժողովի լոգոյի վրա, ինչպես Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովի դեպքում էր, պատկերված է նուռը: Ի՞նչ չափորոշիչներով է կատարվել այս ընտրությունը և ի՞նչ է խորհրդանշում նուռը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, որտեղ 2015 թ. հոկտեմբերին արդեն անցկացվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ խորհրդաժողովը, համապատասխանում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում միջազգային մակարդակի միջոցառում անցկացնելու համար պահանջվող բոլոր հրամայականներին, լինի դա լոգիստիկայի, հարմարավետության, սարքավորումների շարժունակության,  թե անվտանգության տեսանկյունից: Երկու բառով, այն տրամադրում է բոլոր անհրաժեշտ նյութական և կազմակերպչական պայմանները գագաթաժողովի հաջողությունը երաշխավորելու համար:

Ի դեպ, դուք նկատեցիք, որ մենք ցանկանում ենք շարունակականություն պահպանել նախարարական խորհրդաժողովի և Գագաթաժողովի միջև, վերջինիս լոգոյում պահպանելով Հայսատանի խաղաղությունը և ծաղկումը խորհրդանշող նուռը:

Հոկտեմբերին Երևանը նշում է իր 2800-ամյակը: Ի՞նչ տոնական միջոցառումներ են նախատեսվում տարվա ընթացքում և արդյո՞ք գագաթաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել դրանցից որևէ մեկին:

Իսկապես, Երևանը կնշի իր հիմնադրման 2800-ամյակը և այդ կապակցությամբ մի շարք կարևոր պաշտոնական, մշակութային, և թատերական միջոցառումներ կանցկացվեն բազմաթիվ հայ և միջազգային հայտնի դեմքերի մասնակցությամբ: Գագաթնաժողովի և տարեդարձի անցկացման օրերի միջև համընկնումից խուսափելու համար  տարեդարձի անցկացման օրերը մի փոքր առաջ են բերվել:

Այնուամենայնիվ, գագաթաժողովը տեղի կունենա քաղաքի 2800-ամյակի համատեքստում և գագաթաժողովի ընթացքում  կազմակերպվելիք մշակութային միջոցառումները նույնպես կկրեն այդ տարեդարձի բաղադրիչները:

Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները, և որո՞նք են այն մարտահրավերները, որ  մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում գագաթաժողովը կազմակերպող Միջկառավարական հանձնաժողովը պետք է հաղթահարի:

Մարտահրավերը հսկայական է: Մենք իսկապես սպասում ենք հազարավոր մարդկանց, պաշտոնական պատվիրակությունների, երիտասարդության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և, անշուշտ, բազմաթիվ զբոսաշրջիկների ֆրանկոֆոն այս մեծ հանդիպմանը:  

Հայաստանի Հանրապետության վարչապետի նախագահությամբ գործող   և գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցող բոլոր նախարարություններն ու պետական ծառայություններն ընդգրկող միջկառավարական հանձնաժողովի ուսերին է դրված գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր լուծումները գտնելու պատասխանատվությունը: Բնականաբար սա վերաբերում է ոչ միայն բուն գագաթաժողովին, այլ նաև գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք բոլոր միջոցառումներին:

Գալա համերգից բացի, ես կարող եմ նշել նաև Երևանի կենտրոնում տեղակայվող «Ֆրանկոֆոնիայի ավանը», որտեղ կանցկացվեն բազմաթիվ ներկայացումներ և մշակույթային միջոցառումներ և որտեղ ներկայացված կլինեն ՖՄԿ-ի և ֆրանկոֆոն երկրների տաղավարներ: Անխոս, այն կլինի զվարճանքի մի վայր, որն ի ցույց կդնի  Ֆրանկոֆոնիայի մշակութային բազմազանությունը:

Ես կարող եմ նշել նաև տնտեսական ֆորումը, որը կանցկացվի Ծակաձորում և տեղի կունենա ֆրակոֆոն երկրներից ժամանած բազմաթիվ ձեռներեցների մասնակցությամբ:

Գագաթաժողովի կազմակերպման պատասխանատվությունը, եթե ավելի հստակ խոսենք, պատկանում է Արտաքին գործերի նախարարության  Ազգային կազմակերպչական կոմիտեին, որը զբաղվում է բոլոր բովանդակային, տեղափոխման, արարողակարգային, հյուրանոցներում տեղավորման և լրատվական  լուսաբանման հետ կապված հարցերով:

Այս պահին կարող եմ հավաստիացնել, որ գագաթաժողովի կազմակերպմամբ զբաղվող հայկական բոլոր դերակատարներն ամբողջությամբ մոբիլիզացված են՝ գագաթաժողովի հաջողությունը երաշխավորելու համար:

Բացառության կարգով կարո՞ղ եք մեզ տալ որոշ ֆրանկոֆոն արտիստների անուններ, ովքեր մասնակցելու են գալա համերգին:

Կասկածից վեր է, որ գալա համերգը տեղի կունենա միջազգայնորեն ճանաչված ֆրանկոֆոն արտիստների մասնակցությամբ, բայց ինչ վերաբերում է այդ արտիստների անուններին կամ այդ շքեղ միջոցառման մանրամասներին, այս պահին նախընտրում եմ չբացահայտել անակնկալը:

Արդեն երկրորդ անգամն է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը տեղի է ունենում Կենտրոնական և  Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում: Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղում ֆրանսերեն լեզուն և Ֆրանկոֆոնիան այս տարածաշրջանում:

2006թ.  Բուխարեստի գագաթաժողովից հետո սա իսկապես երկրոդ անգամն է, որ Ֆրանկոֆոնիան, ընտրելով Հայաստանն իր XVII գագաթաժողովը հյուրընկալելու համար, իր ամենաբարձր ատյանի հանդիպումն անցկացնում է Կենտրոնական և  Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում

Սա պատահականության արդյունք չէ: Ես կարողացա արագորեն նկարագրել ի նպաստ Ֆրանկոֆոնիայի մեր գործունեությունը: Կարող եմ նաև ի ցույց դնել բոլոր այն ջանքերը, որոնք գործադրվել են մեր դպրոցներում և համալսարաններում ֆրանսերեն լեզուն խթանելու, մեր հասարակության մեջ ֆրանկոֆոն մշակութային միջավայրը զարգացնելու համար՝ շեշտը դնելով հատկապես ամեն տարի կազմակերպվող «Ֆրանկոֆոնիայի երկամսյակի» վրա, որի ընթացքում անցկացվում են հարյուրավոր ֆրանկոֆոն մշակութային, կրթական, գեղարվեստական և համալսարանական միջոցառումներ Հայաստանի բոլոր մարզերում:

Բազմաթիվ նախաձեռնություններ են արձանագրվել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև 2012թ ստորագրված լեզվի վերաբերյալ պակտի ժամանակ, որը 2016թ. երկարաձգվել է 3 տարով: Այս ամենը ցույց է տալիս մեր երկրի համար ֆրանկոֆոնիայի կարևորությունն ու գրավչությունը: Սա մի միտում է , որն անշուշտ կարող է տեղ գտնել նաև տարածաշրջանի այլ երկրներում:

Ի՞նչ կմաղթեք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի կապակցությամբ:

Նախ և առաջ, մենք ի սրտե ցանկանում ենք, որ գագաթաժողովը հաջողությամբ անցակցվի: Թող որ այս գագաթաժողովը ֆրանկոֆոն երկրների և կառավարությունների ղեկավարների համար լինի երկխոսության և փոխանակման առանձնահատուկ պահ: Թող որ այն մնա բոլոր մասնակիցների հիշողության մեջ որպես համերաշխության մի մեծ պահ ֆրանկոֆոն երկրների և ժողովուրդների միջև:  

Մենք ձգտում ենք նաև, որ գագաթաժողովի արդյունքները համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի ակնկալիքներին և թույլ տան նրան հաղթահարել իր առջև  ծառացած մարտահրավերները: Այս առումով մենք հույս ունենք, որ Երևանի հռչակագիրը, ինչպես նաև միասին ապրելու սկզբունքներն արտացոլող «Միասին ապրելու ֆրանկոֆոն պակտը», որոնք կընդունվեն Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում, հեռանկար կհաղորդեն բարգավաճ և խաղաղ ապագա կառուցելու  ֆրանկոֆոնիայի պատասխաններին:

   ՖՄԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահի անձնական ներկայացուցիչ և լիազոր դեսպան, Ն.Գ. Պարոն Քրիստիան Տեր-Ստեփանյանի հարցազրույցը Lepetitjournal.com պարբերականին