Թումո, Հայաստանի ինֆորմացիոն դպրոցը, որը ոգևորել է Փարիզին
12.02.2018

Հայաստանում 2011 թ.-ից ի վեր «Թումո» դպրոցը  12-ից 18 տարեկան երիտասարդներին ապահովում է մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտներում  անվճար և առանց հմտություններ ունենալու նախապայմանի կրթությամբ: Այս ծրագիրը գրավում է և՛ փոքրերին, և՛ մեծերին նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս: Վերջին կետը վերաբերում է հատկապես Անն Իդալգոյին:

12-ամյա Գևորգ Եսայանի դասերն արդեն սկսվում են: Վարդը՝ նրա մայրը, որդուն է նայում հուզված աչքերով. «Նա այնքան անհամբեր էր սպասում այսօր այստեղ գտնվելուն: Արդեն մի քանի օր է նա միայն դրա մասին է մտածում»: 36-ամյա փաստաբանը իր տղայից ոչ պակաս է ոգևորված: «Ես նրան գրանցեցի անմիջապես այն բանից հետո, երբ լսեցի «Թումո» դպրոցի գոյության մասին: Հավատացած էի, որ սա հոյակապ հնարավորություն կլինի նրա համար»:

Պետք է նշել , որ Թումոն նման չէ այլ դպրոցներին: Նախ, որովհետև «դասերն» այստեղ սկսվում են դպրոցական դասաժամերից հետո, շաբաթվա բոլոր օրերին, ժամը 15:30-ից սկսած:  Շաբաթական մի քանի ժամ այստեղ տրվող ուսուցումը իսկապես լրացնում է այն տարրական կրթությունը, որը ստանում են բոլոր դեռահասները: Բայց Թումոն տարբերվում է հատկապես նրանով, որ կրթությունն այստեղ անվճար է, առանց 12-18 տարեկանների միջև ուսուցման ձևաչափի տարբերակման, առանց տնային հանձնարարությունների և գնահատականների,  և հենվում է արվեստի և տեխնոլոգիաների ոլորտում անհատական մանկավարժական ծրագրերի վրա: Ստեղծվելով 2011թ. Երևանում «Inet Technologies» ընկերության հիմնադիր Սամ Սիմոնյանի և նրա կնոջ՝ Սիլվայի կողմից, Թումոն այդուհետ աստիճանաբար տարածվում է ամբողջ երկրում: 2013թ.՝ Դիլիջանում, իսկ 2015թ. երկրի հյուսիսում՝ Գյումրիում, ինչպես   նաև Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, իրենց դռներն են բացել Թումոյի նոր մասնաշենքերը:

6000 մ. քառակուսի՝ երազանքների իրականացման համար

Ըստ էության, այդ բացառիկ բանաձևն է Թումոյի հաջողության գրավականը: Ամեն ամիս այս հեղինակավոր դպրոց ընդունվել ցանկացող դպրոցականների ցանկը ավելանում է մի քանի տասնյակ նոր դիմորդների անուններով: Թումոն ֆրանսիական  «We Demain» ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի լավագույն նորարարական դպրոց, այսպիսով, իր հետևում թողնելով ԱՄՆ-ում գտնվող «Silicon Valley AltSchool» այլընտրանքային դպրոցը, Ճապոնիայում գտնվող Ֆուջի մանկապարտեզը և Ստիվ Ջոբսի դպրոցները:

Ուսուցման հաջողությունը այնքան մեծ էր, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկացավ արդեն 2018թ. սկզբին այս ձևաչափը տեսնել նաև Ֆրանսիայի մայրաքաղաքում: Պետք է նշել, որ Թումոյի հիմնադիրները ջանք ու եռանդ չեն խնայել իրենց նպատակներին հասնելու համար:  Լիբանանցի ճարտարապետ Բերնարդ Խուրիի նախագծով քաղաքի բանուկ կենտրոնից ոչ շատ հեռու կառուցված հսկայական շենքում ավելի քան 6000մ. քառակուսի ընդհանուր մակերեսով երկու հարկ ամբողջությամբ աշակերտների տրամադրության տակ է: Վերջիններս կարող են օգտվել կինոթատրոնից, տեսախաղերի դահլիճից և նույնիսկ երաժշտական ստուդիայից, որոնք լիովին ֆինանսավորվում են Սիմոնյան ամուսինների կողմից:

Աշակերտները ամեն ինչ սկսում են չորս հիմնական առարկաներն ուսումնասիրելուց՝ անիմացիա, կայքէջերի դիզայն, տեսախաղերի զարգացում և ֆիլմարտադրություն, ի հավելումն որոնց կարող են սովորել նաև այնպիսի առարկաներ, ինչպիսիք են կոդավորումը, եռաչափ պատկերների հետ աշխատանքը  և երաժշտությունը: Թումոն իր առջև նպատակ է դրել ոչ միայն նրանց կրթելու ինժեներներ ու ծրագրավորողներ պատրաստելու համար, այլ նաև նրանց տալու բոլոր անհրաժեշտ կարողությունները՝ աշխատանքային շուկայում մրցունակ լինելու և XXI դարի թվային մարտահրավերները հաղթահարելու համար: «Նոր տեխնոլոգիաները ներթափանցելու են բոլոր մասնագիտություններ: Անհրաժեշտ է, որ հայ երիտասարդները կարողանան հաղթահարել այդ փոփոխությունները, որոնք գլխիվայր կշրջեն մասնագիտական աշխարհը»,- բացատրում է 25-ամյա Լիլիթ Թովմասյանը, ով Թումոյի շրջանավարտ է, իսկ այժմ այնտեղ աշխատում է որպես կապի պատասխանատու:

Հայ երիտասարդներին պատրաստել ապագայի համար

Իսկ ինչպե՞ս ընտրել մասնագիտությունները: «Ավելի ուշ ես ուզում եմ դառնալ ծրագրավորող, իսկ այս պահին իմ նախագիծը  եռաչափ բաժակ տպելն է»,-ասում է Գևորգը: «Սակայն իմ երազանքն է հայտնագործել մի մեքենա, որն ամբողջությամբ ինքնուրույն կաշխատի, առանց որևէ արտաքին միջամտության»,- ավելացնում է նա, հետո արագորեն միանում շրջայցի եկած խմբին: Ամենուրեք, զինված վերջին մոդելի անվավոր համակարգիչներով՝ «թումոբիլներով», զվարճալի դիրքերով նստած են երիտասարդներ, հիմնականում տղաներ: Ուսանողները՝ կենտրոնացած և լուռ, լրացնում են դպրոցի դասընթացավարների կողմից  նրանիցից յուրաքանչյուրի համար պատրաստված մոդուլները: Դասընթացավարները իրենց անձնական տարածությունից ուղղակիորեն հետևում են ուսանողների առաջընթացին:

Ուսանողներին գործնական պարապմունքներ անցկացնելու համար նախատեսված դահլիճներ ուղեկցելուց առաջ նրանց հավանական հարցերին պատասխանելու համար մոդուլներ կազմող «մարզիչները» անցնում են նրանց շարքերի միջով: Մարզիչների 70%-ը Թումոյի շրջանավարտներ են, ովքեր իրենց հերթին ընտրել են այնտեղ ստացած կրթությունը ուրիշներին փոխանցելու ուղին: Սակայն Թումոյի դռները միշտ բաց են նաև այն շրջանավարտների համար, ովքեր ցանկանում են գործունեություն ծավալել դպրոցի պատերից դուրս: Շատ հաճախ նրանք որոշում են շարունակել սովորելու տարիներին սկսած իրենց  նախագծերը և ինտեգրվել Թումոյի կողմից ստեղծված ստարտապերի ինկուբատորին:

Այդպես վարվեց 23-ամյա Արևիկ Արոյանը, ով օգտվելով ծրագրի աջակցությունից, իր երեք գաղափարակից ընկերների հետ հիմնել է իր անիմացիոն ստուդիան: «Իմ քրոջ խորհրդով ես սկսեցի Թումո հաճախել 17 տարեկանում: Ես շատ մտավախություններ ունեի: Ես իմ էությամբ ամաչկոտ եմ և վախենում էի մյուս ուսանողների հետ շփումներից: Բայց իրականում ես ինձ անմիջապես լավ զգացի  այստեղ: Գրիշայի, Թառայի և Լևոնի հետ հանդիպումն ինձ տվեց ինքս ինձ գերազանցելու մոտիվացիա»: Այս չորս սկսնակ կինոգործիչները հասցրել են անգամ Երևանի կինոփառատոնում ներկայացնել իրենց կարճամետրաժ ֆիլմը, և աշխատել Եվրամիության հետ «Tales of Neto» խաղի վրա, որի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել կոռուպցիայի դեմ պայքարին:

Հիմքում ունենալով այս հաջողությունները՝ Թումոն մտադիր է կենտրոններ ստեղծել Հայաստանի բոլոր անկյուններում: Հաջորդ կենտրոնը նախատեսվում է ստեղծել  2019թ., սահմանամերձ Կողբ գյուղում:

 

   Թումո, Հայաստանի ինֆորմացիոն դպրոցը, որը ոգևորել է Փարիզին