Ֆրանկոֆոնիայի ավան

Ֆրանկոֆոնիայի ավանը տեղի կունենա Երևանում, 2018թ. հոկտեմբերի 7-ից 12-ը

 

Վերջին տասը տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների կամ խաղերի շրջանակում ընդունող երկրի կողմից կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի ավաններ։ Ավանների կազմակերպման ավանդույթը սկիզբ է առել 2008թ․ Քվեբեկի գագաթաժողովից, և հետագա տարիներին դրանց կազմակերպման ձևերն ու մասշտաբները տարբերվել են` կապված ընդունող երկրում ավանի համար տրամադրած տարածքից, ենթակառույցներից և ամենակարևորը՝ ֆրանկոֆոն երկրների ու գործակալությունների մասնակցությունից։

Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ի ցույց դնել կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տարածքի կամ ստենդների միջոցով հնարավորություն կընձեռվի ցուցադրել ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթն ու կենցաղը։

Հայաստանն առաջարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել «Ապրել միասին» կարգախոսի ներքո: Ավանն իր հերթին կունենա «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսը:

Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու  գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Ավանը գագաթաժողովի շրջանակներում անցկացվող բաց միջոցառում է, որտեղ գագաթաժողովի մասնակիցները, լրագրողները, հայաստանյան հանրությունը կարող են հանդիպել միմյանց՝ ոչ պաշտոնական միջավայրում: Ֆրանկոֆոնիայի ավանում տեղադրվելու են տաղավարներ, ստենդներ, լինելու է բեմահարթակ, ցուցադրությունների համար տարածքներ: Բեմահարթակին ցուցադրվելու են երգ, պար, համերգային համարներ։ Դա հնարավորություն կտա բացահայտելու երիտասարդ ֆրանկոֆոն տաղանդավոր կատարողներին և ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի մշակութային բազմազանությունը:

 

Ժամկետը և վայրը․   Ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ը, ժամը՝ 12:00-20:00-ը, Երևանի Ազատության հրապարակի և Հյուսիսային պողոտայի տարածքում։ Պաշտոնական բացումը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը՝ 17:00-ին։ Այդ օրը կտոնվի նաև Ֆրանկոֆոն երիտասարդության օրը։

Գագաթաժողովի մասնակից երկրներին, ՖՄԿ գործընկերներին ու  գործակալություններին տաղավարները` մեկական սեղան-աթոռով, տրամադրվելու են անվճար։ Դրանք ապահովված են լինելու էլեկտրական սնուցմամբ՝ 220V, էլեկտրական լուսավորությամբ,  Wi-Fi ծածկույթով՝ միջոցառման բոլոր օրերին։ Տաղավարների ճակատային մասում կտեղադրվեն յուրաքանչյուր երկրի կամ կազմակերպության անունը կրող ցուցատախտակներ։ Անհրաժեշտ այլ տեխնիկա՝ օրինակ՝ սառնարան, հեռուստացույցի էկրան, ստենդ, լրացուցիչ սեղան-աթոռ, և այլն վարձակալելու համար անհրաժեշտ է դիմել village@francophonieerevan2018.am էլեկտրոնային հասցեով։

 

Թեմատիկան.

  • Զբոսաշրջային գրքույկներ, վիդեո ցուցադրության հնարավորություն
  • Ազգային մշակույթ և ավանդույթներ
  • Արհեստագործական իրերի ցուցադրություն-վաճառք
  • Ազգային խոհանոցի և կերակրատեսակների վաճառք
  • Ազգային հագուստների՝ տարազների ցուցադրություն
  • և այլն

 

Տեղադրվելու է բեմահարթակ Օպերայի հրապարակում, ապահովված՝ լուսավորությամբ, միկրոֆոնով, բազմաֆունկցիոնալ նվագարանով, բարձրախոսներով՝ ձայնը ողջ ավանում հնչեցնելու համար:

Համերգային համարներ․ Ավանում կազմակերպվելու են համերգներ, որտեղ ելույթ կունենան երաժիշտներ, պարային խմբեր: Կկազմակերպվեն ֆլեշ-մոբեր:

Ցուցահանդեսներ. Կտեղադրվեն ստենդներ և սարքեր՝ նկարների կամ ազգային հագուստների ցուցադրման համար:

Ծրագիրը․ Ֆրանկոֆոնիայի ավանի ծրագիրը ներառելու է հոկտեմբերի 7-12-ի ընթացքում նախատեսված բոլոր միջոցառումները: Այն հոկտեմբերի սկզբին կտեղադրվի երևանյան գագաթաժողովի կայքում՝ www.francophonieerevan2018.am, ինչպես նաև վահանակների վրա՝ Օպերայի հարակից տարածքում։

      

         Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Բացման արարողությունը․ Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը տեղի կունենա հանդիսավոր արարողությամբ` բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Հնչելու է Հայաստանի պետական հիմնը և Ֆրանկոֆոնիայի հիմնը, որից հետո ավանը հայտարարվելու է բացված: Նախատեսվում է պատվավոր հյուրերի շրջայց ավանով: Բացումը նախատեսվում է հոկտեմբերի 9-ին ժամը՝ 16:00-ին։ Տաղավարում մասնակիցները պետք է արդեն պատրաստ լինեն հյուրընկալելու բարձրաստիճան այցելուներին։

 

 

 

   Ֆրանկոֆոնիայի ավան