Հայաստանը Ֆրանկոֆոնիայում

Հայաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի ատյաններին

2003թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դառնում է ՖՄԿ ասոցացված անդամ։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովներին և 2008թ. Քվեբեկի գագաթաժողովից սկսած՝ ի պաշտոնե ապահովում նաև Հայաստանի ներկայությունը ֆրանկոֆոն գերագույն ատյանների ժողովներում:

Ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանում ֆրանկոֆոն նախաձեռնությունները համակարգելու նպատակով ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանկոֆոնիայի հարցերով հատուկ խորհրդական է նշանակում:

Հայաստանն իր ներկայացուցիչն ունի նաև Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում: Նա ակտիվորեն ներգրավված է ֆրանկոֆոնայի տարբեր ատյանների աշխատանքներում, այդ թվում՝ 2015-2017թթ. ընթացքում նախագահելով Համագործակցության և ծրագրավորման հանձնաժողովը:

Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան:

2010թ. հոկտեմբերին Մոնթրոյում (Շվեյցարիա) կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները, ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի, նրանից դուրս գալու և խաղաղության ամրապնդման մասին բանաձև ընդունելով, առաջին անգամ իրենց դիրքորոշումն են արտահայտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մասնավորապես՝

«Հաստատում ենք մեր լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման նպատակով:

Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքի կամ ուժի գործադրման ցանկացած փորձից, որը կարող է վտանգել խաղաղության գործընթացը, և առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ժամանակ, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54-րդ անդամ-երկիրը:

Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ գագաթաժողովի ժամանակ ճգնաժամային իրավիճակների կարգավորման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևի շրջանակներում Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ դեռևս Մոնթրոյի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը սատարելու իրենց դիրքորոշումը և ևս մեկ անգամ կոչ են անում. «հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, նրանց առաջարկում ենք շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի՝ որպես այս հակամարտության հավասարակշռված և տևական լուծման հիմք»:

Սույն դիրքորոշումը վերհաստատվում է 2014թ. Դաքարի (Սենեգալ) և 2016թ. Անատնանարիվուի (Մադագասկար) գագաթաժողովների ժամանակ:

Հայաստանը հանդիսանում է նաև 2013թ. սեպտեմբերին ստեղծված Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային կառույցների և հաստատությունների ցանցի (RESIFECO) անդամ՝ բաղկացած տարածաշրջանի 6 երկրների ներկայացուցիչներից՝ Ինստիտուցիոնալ Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամներից (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն, Մոլդովա և Ռումինիա): 2015-2017թթ. RESIFECO-ի նախագահությունը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը:

Ֆրանկոֆոնիայի գործունեությանն իր հանձնառությունը վկայելու և նրա միջազգային տարածմանը նպաստելու նպատակով Հայաստանն իր թեկնածությունն է ներկայացնում՝ 2015թ. հոկտեմբերին հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը: 2014թ. նոյեմբերին Դաքարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 30-րդ նստաշրջանին այս առաջարկն արժանանում է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների և կառավարության նախարարների միաձայն աջակցությանը:

Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանը կայանում է Երևանում 2015թ. հոկտեմբերի 10-ից 11-ը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ-երկրների և կառավարությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հարուստ և բեղմնավոր քննարկումներ են ծավալվում Հայաստանի կողմից շեշտադրված թեմաների շուրջ, ինչպես օրինակ՝ Ֆրանկոֆոնիա, խաղաղության տարածաշրջան, բազմազանություն և երկխոսություն, կլիմայական փոփոխությունների շուրջ Կողմերի 21-րդ համաժողովին առնչվող հարցեր, ցեղասպանության կանխարգելում, որոնց վերաբերյալ բանաձևի նախագծեր են ընդունվել նախարարական համաժողովի կողմից:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կապակցությամբ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Միկաել Ժանը և Ֆրանկոֆոնիայի երկրների ու կառավարությունների նախարարները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության ժամանակ:

Երևանի նախարարական համաժողովը մեծ հաջողություն է ունենում՝ նաև որպես առիթ՝ բացահայտելու հայկական մշակույթի հարուստ ժառանգությունը:

Այս հաջող փորձից ելնելով և ուղորդվելով Ֆրանկոֆոնիայի արժեքներին ծառայելու մղումով՝ 2016թ. մայիսին Հայաստանը ներկայացնում է իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակեպելու գործում:

2016թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուի (Մադագասկար) գագաթաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի երկրի և կառավարությունների ղեկավարները Հայաստանը սահմանում են որպես 2018թ. Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթնաժողովի հյուրընկալ երկիր:

Համագործակցություն Հայաստանի և ՖՄԿ-ի միջև

Հայաստանը սերտ համագործակցություն է զարգացնում ՖՄԿ-ի հետ, որն արտահայտվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ:

2009թ. մայիսից Հայաստանի անդամակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնին (CREFECO) թույլ է տվել 350-ից ավելի ֆրանսերենի հայ ուսուցիչների մասնակցելու ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ-լեզվաբանական առարկաների բարելավմանը:

2009թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարության, ՖՄԿ-ի, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների և Բելգիայի ֆրանսախոս համայնքի ղեկավարության միջև ստորագրվում է ՀՀ պետական համակարգի պաշտոնյաների ֆրանսերենի ուսուցման վերաբերյալ հուշագիր։

2015թ. հոկտեմբերին, ի շարունակություն նախորդ հուշագրի, «Ֆրանսերենը միջազգաին հարաբերություններում» ծրագրի շրջանակներում ՖՄԿ-ի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 17 այլ երկրների կողմից Ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների վերաբերյալ Գործընկերության հուշագիր է ստորագրվում՝ ուղղված միջազգային հարաբերությունների հարցերով ՀՀ վարչական համակարգի պաշտոնյաների՝ ֆրանսերենով արտահայտվելու հմտություններն ամրապնդելուն:

2009թ. սկսած՝ «Ալիանս ֆրանսեզ»-ի կողմից կազմակերպած ֆրանսերենի վերապատրաստումներից օգտվում են ՀՀ պետական համակարգի մի քանի տասնյակ պաշտոնյաներ:

2012թ. Քինշասայի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) գագաթաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը և ՖՄԿ գլխավոր քարտուղար պարոն Ա. Դիուֆը «Լեզվաբանական ծրագիր» են կնքում Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև 3 տարի ժամկետով:

Լեզվաբանական ծրագրի իրականացման գործընթացում ՖՄԿ-ից բացի ներգրավված են նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը, ՖՄԿ գործիչներ, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիան, ինչպես նաև Ֆրանսիան:

Լեզվաբանական ծրագիրը հնարավորություն է տալիս ֆրանկոֆոնիայի հետ խորացված համագործակցության հիմքեր ստեղծել այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, մշակույթը, հաղորդակցությունը և զբոսաշրջությունը:

Մի շարք քայլեր են ձեռնարկվում՝ ֆրանսերենի ուսուցման տարածման ուղղությամբ: Այսպիսով, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆրանսերենը հաստատել է որպես դպրոցներում ընտրովի 3-րդ օտար լեզու, ինչպես նաև ֆրանսիական կողմի օժանդակությամբ 5 դպրոցներում բացել է ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացներ:

Ֆրանսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ներմուծումը, ընդհանուր առմամբ, վերաբերում է 8 քաղաքի և 18 հաստատությունների. 2012-2015թթ. համեմատությամբ հանրային դպրոցներում ֆրանսերեն սովորողների թիվն ավելացել է 14,3%-ով:

2013թ. հունիսին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ կնքված կրթական համագործակցության հուշագրի շնորհիվ ֆրանսերենի խորացված ուսուցում և երկլեզու ուսումնական ծրագիր է ներդրվում Երևանի թիվ 119 ավագ դպրոցում:

Բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոն համալսարանների ֆրանկոֆոն ուղղվածությունն էլ ավելի է ամրապնդվել. այսօր արդեն Հայաստանի 5 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են հանդիսանում: Երևանի ֆրանկոֆոն թվային կենտրոնը գրանցված է որպես  Հայաստանում ՖՀԳ-ի պաշտոնական ներկայացուցչություն: ՖՀԳ-ի օժանդակությամբ Երևանում բացվում է համալսարանական նվաճումների 2 կենտրոն:

Կազմակերպված մի շարք ֆրանկոֆոն միջոցառումների շնորհիվ բարելավվում է ֆրանսերեն լեզվի տեսլականը երկրում: Այսպես, Ֆրանկոֆոնիայի երկամսյա միջոցառումները Հայաստանում յուրաքանչյուր տարի ներառում են ֆրանկոֆոն մշակութային, կրթական և համալսարանական հարյուրավոր միջացառումներ (2013թ.՝ 350, 2015թ.՝ 550, 2017թ.՝ 600-ից ավելի) և նպաստում է երկրում ֆրանկոֆոն մշակութային միջավայր խթանելուն:

Որոշ պատմական հուշարձանների կողքին նկատելի է ֆրանսերեն լեզվով վահանակների և ցուցափեղկերի ավելացում, բարենպաստ պայմաններ են ստեղծված ֆրանկոֆոն զբոսաշրջիկներին ընդունելու համար:

«Ֆրանկոֆոն գրքի անկյուն» ծրագրի իրագործումը մեկնարկել է 2014թ. և ներառում է ՀՀ մի շարք մեծ քաղաքներ (Երևան, Գորիս, Գյումրի և այլն):

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանձն է առել ապահովելու TV 5 MONDE հեռուստաալիքի մուտքը Հայաստան՝ այն ընդգրկելով մալուխային օպերատորների հիմնական փաթեթի մեջ:

Արձանագրված ամփոփագիրը վկայում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի առկայության առաջընթացի մասին:

Հաշվի առնելով իրականացված գործողությունների դրական ամփոփագիրը՝ 2016թ. ապրիլին ՀՀ-ի և ՖՄԿ-ի միջև ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի և ՖՄԿ գլխավոր քարտուղար Մ. Ժանի կողմից ևս 3 տարի ժամկետով ստորագրվում է Լեզվաբանական ծրագրի հավելված՝ միևնույն առաջահերթություն ունեցող գործողությունների պլանի հիման վրա:

Հայաստանը հանդիսանում է նաև ֆրանկոֆոն կարևոր տարածաշրջանային նախաձեռնությունների թատերաբեմ:

2015թ. հունիսին ՀՀ ԱԳ նախարարությունը և ՖՄԿ-ն կազմակերպում են տարածաշրջանային առաջին սեմինարը՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում քաղաքացիական հասարակությունում կին-տղամարդ հավասարության օժանդակման վերաբերյալ: Սեմինարին մասնակցում են տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի անդամ 6 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն և Ռումինիա) կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2017թ. հոկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարությունը կկազմակերպի ֆրանսերեն լեզվի 3-րդ միջազգային Օլիպիադան՝ ՖՄԿ-ի, կրթության և ուսումնական հաստատությունների հարցերով տարածաշրջանի 6 երկրների նախարարությունների հետ համագործակցությամբ:

2017թ. ընթացքում կրթական համագործակցության վերաբերյալ Գործընկերության հուշագիր կստորագրվի ՖՄԿ-ի և տարածաշրջանի 6 երկրների նախարարությունների միջև:

Հայաստանի և ՖՄԿ-ի հետ համատեղ երիտասարդության և մշակույթի բնագավառում կնախաձեռնվեն այլ գործունեություններ՝ 2018թ. Երևանի գագաթաժողովի նախորդող ժամանակահատվածում:

 

Հայաստանի համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհդարանական վեհաժողովի և ֆրանկոֆոնիայի անմիջական գործիչների հետ

Խորհրդարանական մակարդակ

2009թ. հուլիսի 5-ին Հայաստանի ԱԺ-ն դառնում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ/APF) ասոցացված անդամ: Մինչ 2014թ. Հայաստանն օգտվում է ՖԽՎ-ի «ՆՈՐԻԱ» ծրագրից, որը մասնավորապես իրականացնում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ՝ նախատեսված հայկական խորհրդարանի պատգամավորների և խորհրդարանի պաշտոնյաների համար, փաստագրական ֆոնդերին ուղղված նվիրաբերություններ, Ազգային ժողովի պաշտոնական կայքը ֆրանսերեն թարգմանելու աջակցություն:

2010թ. մայիսին ՖԽՎ-ի եվրոպական տարածաշրջանի նիստն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովում:

2014թ. հայկական խորհրդարանը անդամակցում է ՖԽՎ-ին որպես լիիրավ անդամ:

2015թ. ապրիլին Հայաստանը հյուրընկալում է ՖԽՎ-ի եվրոպական տարածաշրջանի մասնաճյուղերի նախագահների համաժողովը:

2016թ. մայիսի 11-ին ՖԽՎ-ի և ՀՀ Ազգային ժողովի օժանդակությամբ ԱԺ դահլիճում պաշտոնապես մեկնարկում է հայ-ֆրակոֆոն երիտասարդ խորհրդարանը՝ նպատակ ունենալով խթանելու երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությունը և խրախուսելու խորհրդարանական գործունեությունների սերտումը:

Համալսարանական բնագավառ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունը (ՖՀԳ/AUF) 2010թ. հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնագիր է ստորագրում ֆրանսերենով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայվում է Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

ՖՀԳ-ն գործընկերական հարաբերություններ է զարգացնում իր ցանցի անդամ հայկական համալսարանների հետ` Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:

2011թ. մարտին Հայաստանում ֆրանսիական համալսարանում բացվում է Ֆրանկոֆոնիայի Սենգորի ամբիոնների միջազգային ցանցի հայկական մասնաճյուղը, որը նպատակ ունի խրախուսելու ֆրանկոֆոնիայի ուսուցանումը և ճանաչելի դարձնելու ֆրանկոֆոնիան իր տարբեր կողմերով՝ ինստիտուցիոնալ, քաղաքական, մշակութային և տնտեսական:

2016թ. հուլիսին գիտական և համալսարանական համատեղ նախագծերի իրականացման Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվում ՀՀ ԿԳ նախարարության և ՖՀԳ-ի միջև:

Ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցություն

Երևան քաղաքն առաջինն է ինստիտուցիոնալ բնույթի հարաբերություններ հաստատում Ֆրանկոֆոնիայի հետ` 1998թ. դառնալով Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (ՖՔՄԱ/AIMF) անդամ:

2010թ. հոկտեմբերին Երևանը հյուրընկալում է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական առաջին նստաշրջանները, որին մասնակցում են մոտ 30 ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմիններ. ֆրանկոֆոնիան սահմանվում է որպես ապակենտրոնացված համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկը: Սույն կողմորոշումը հետագայում հաստատվում է 2013թ. Վալանսում և 2016թ. Երևանում կազմակերպված նմանօրինակ հանդիպումների ժամանակ:

2011թ. հոկտեմբերին Երևանում անցկացվում է ՖՔՄԱ-ի գլխավոր վեհաժողովը՝ անդամ քաղաքների ավելի քան 150 քաղաքապետերի մասնակցությամբ: Վեհաժողովի ժամանակ Հայաստանի համայնքների միությունը դառնում է այս ասոցիացիայի անդամ:

ՖՔՄԱ-ն աջակցություն է ցուցաբերում Երևան քաղաքի մշակութային և կրթական հաստատություններին՝ մասնավորապես Երևանի մի շարք հիմնական և ավագ դպրոցներին ապահովելով լեզվի լաբորատորիայով:

2011թ. Հայաստանի Լոռու մարզը դառնում է Ֆրանկոֆոն տարածաշրջանների միջազգային ասոցիացիայի անդամ:

Հայաստանը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի տարբեր ինտիտուցիոնալ ցանցերին, ինչպես օրինակ՝ 2015թ. հունիսից՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների միություն և Ֆրանկոֆոն համատիպ կառույցներ (UCESIF), 2015թ. հոկտեմբերից՝ Մարդու իրավունքների պաշտպանների և միջնորդների ասոցիացիա (AOMF):

   Հայաստանը Ֆրանկոֆոնիայում